11:57 | 12.02.19 | Հարցազրույցներ | exclusive 50661

Index Ventures վենչուրային հիմնադրամը Երեւանում ստարտափ մրցույթ կանցկացնի

Մարտի կեսերին Հայաստան կայցելի Սան Ֆրանցիսկոյում եւ Լոնդոնում տեղակայված Index Ventures վենչուրային հիմնադրամի թիմը:

Այցի շրջանակում թիմի անդամները հանդիպումներ կունենան հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ, կտրամադրեն խորհրդատվություն, իսկ մարտի 14-ին «Թումո» կենտրոնում կանցկացվի Index Ventures Armenia Tech Summit-ը:

Itel.am-ը զրուցել է Index Ventures-ի տնօրեն եւ HIVE Ventures-ի հիմնադիր Նինա Աչաջյանի հետ:

- Index Ventures Armenia Tech Summit-ը կանցկացվի առաջին անգամ՝ Երեւանում: Ո՞րն է դրա նպատակը եւ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:

- Index Ventures-ը վենչուրային առաջին հիմնադրամներից էր, որը սկսեց ներդրումներ կատարել ԱՄՆ-ից դուրս: Մենք իսկապես հավատում ենք, որ ձեռներեցությունը գլոբալ երեւույթ է: Մեր թիմը 1 շաբաթ կանցկացնի Հայաստանում, կհանդիպի տեղի ստարտափներին եւ կտրամադրի մենթորություն:

- Ի՞նչ թեմաներ են քննարկվելու ֆորումի ընթացքում:

- Մեր թիմի մոտ բավական հաջող են ստացվել ներդրումները մի շարք խոշոր ընկերություններում:

Մեր նպատակն է տարածել ինչպես հաջողության պատմություններ, այնպես էլ դասեր՝ Index-ի պորտֆոլիո ընկերությունների մասին, որոնց թվում են Dropbox-ը, Bird-ը, Adyen-ը, Robinhood-ը, Sonos-ը: Կքննարկենք նաեւ Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի ամենաթեժ միտումները, նաեւ ընդհանուր խորհուրդներ կտանք՝ ինչպես դառնալ վաղ շրջանի ստարտափի հիմնադիր:

- Կարո՞ղ եք նշել մի քանի խոսնակների անուններ, որոնք Հայաստան են այցելելու:

- Մենք շատ ոգեւորված ենք՝ Հայաստան բերելու մեր թիմը, որը մասնագիտացած է տարբեր բնագավառներում: Խոսնակների թվում են Մայք Վոլփի Դոմինիկ Վիդալը, Արի Հելգասոնը, Դինո Բեսերովիչը, Անդրե Դյուբուան:

- Միջոցառման շրջանակում կայանալու է փիչինգ մրցույթ: Ինչպիսի՞ ստարտափներ եք փնտրում եւ հետաքրքրվողներն ինչպե՞ս կարող են մասնակցել մրցույթին:

- Մենք փնտրում ենք նորարար ստարտափներ, որոնք ասելիք ունեն գլոբալ շուկաներում: Ստարտափները կարող են դիմել՝ մասնակցելու փիչինգ մրցույթին, կամ դեմ առ դեմ հանդիպման հնարավորություն ստանալ ներդրումային թիմի հետ՝ լրացնելով հայտը:

- Index Ventures-ը նախատեսո՞ւմ է ներդրում կատարել այն ստարտափում, որը փիչինգ մրցույթում հաղթող կճանաչվի:

- Այո, մենք ծրագրում ենք $25 հազ. ներդրում կատարել հաղթող ստարտափում:

Նինա Աչաջյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը