17:41 | 14.12.18 | Նորություններ | 5003

«ՆերՈւժ» ստարտափ ծրագրին 70 ստարտափ կմասնակցի

Դեկտեմբերի 17-ից 21-ը UWC Դիլիջան քոլեջում կմեկնարկի Սփյուռքի երիտասարդների «ՆերՈւժ» ստարտափ ծրագիրը:

Ծրագրին մասնակցում է 70 ստարտափ, որոնցից 50-ը՝ Սփյուռքից:

Քառօրյա միջոցառման նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակ եւ հնարավորություններ ստեղծումը: Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարարական տեխնոլոգիաները:

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի կունենա ծրագրի մեկնարկը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, սփյուռքի նախարար պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաեւ մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու եւ դրանք իրագործելու համար:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ` ծրագրին դիմել են նաեւ հայաստանաբնակ երիտասարդները։