15:05 | 08.11.18 | Նորություններ | 3873
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Ներուժ» ստարտափ ծրագրի իրականացման նպատակով:
«Ներուժ»-ի նպատակն է սփյուռքի հայազգի երիտասարդ ձեռներեցներին հնարավորություն տալ ստարտափ սկսել Հայաստանում: Նախատեսվում է տարեկան մինչեւ 100 սփյուռքահայ գործարարի ներկայացնել հանրապետության ներդրումային միջավայրը, ստարտափ հիմնելու հնարավորությունները:
Ծրագրի շրջանակում՝ 5 օրերի ընթացքում, բիզնես մենթորներն ու մարզիչները ձեռներեցների հետ անցկացնելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ եւ պրեզենտացիաներ։ Միջոցառման վերջին օրը ձեռներեցները ժյուրիին կներկայացնեն իրենց ստարտափ գաղափարները եւ կարժանան մրցանակների։
Մինչեւ 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչեւ 15 մլն դրամով եւ Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։ Միեւնույն ժամանակ, ծրագրի իրականացումը կնպաստի հայրենադարձության խթանմանը:
«Ներուժ» ծրագիրն իրականացնում են ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST): Ծրագրի իրականացմանն աջակցում են IDeA հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Impact Hub Yerevan-ը եւ Հայ-ռուսական համալսարանը: