12:00 | 08.11.18 | Նորություններ | 8954

HelloSIM-ն արդեն հասանելի է բելառուսական շուկայում

Հայկական HelloSIM ընկերությունը, որը ներկայացնում է միջազգային HelloSIM քարտը, արդեն 5 ամիս է՝ մուտք է գործել բելառուսական շուկա։

Ընկերությունն արդեն իր ներկայացուցչությունն ու ձեւավորված թիմն ունի մայրաքաղաք Մինսկում, եւ առաջարկում է իր ծառայությունները՝ տեղի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունների հետ կողք կողքի։

Ամփոփելով 5 ամսվա գործունեությունը՝ ընկերության գործադիր տնօրեն Արմեն Տեր-Հակոբյանը նշել է, որ, չնայած բելառուսական շուկայում առկա բազմաբնույթ մրցակցությանը եւ էստոնական, անգլիական, լեհական եւ այլ նմանատիպ արտադրանքին, HelloSIM-ն արագորեն իր ուրույն տեղն է գրավում շուկայում:

«Այսուհետ HelloSIM-ը կարելի է ձեռք բերել Evroset-ի եւ Svyaznoi-ի 168 վաճառքի կետերում։ Բացի այդ, բազմաթիվ խոշոր տուրիստական ընկերություններ ներկայացնում են HelloSIM-ը։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ մեր ծրագրավորողները առաջարկել են աշխարհում եզակի նոր լուծում, որը թույլ է տալիս օգտագործել ինտերնետը միայն գործընկեր կազմակերպության կարիքների համար։ Վերոնշյալ լուծումի, ինչպես նաեւ այլ որակյալ ծառայությունների շնորհիվ արագորեն աճում է գործընկեր բեռնափոխադրող կազմակերպությունների թիվը, որոնց խնայողությունը կազմում է 34-39%»,- նշել է Արմեն Տեր-Հակոբյանը:

Քարտն առաքվում է ամբողջ աշխարհով մեկ, եւ հաճախորդներ ունի ավելի քան 60 երկրներից։ Հավատարիմ մնալով միջազգային քարտի իր չափանիշներին՝ HelloSIM-ը ներկայացված է նաեւ աշխարհի խոշորագույն առցանց առեւտրային հարթակում՝ Amazon-ում։

«Ինչպես եւ ամենասկզբում՝ քարտի նախագծման աշխատանքների ժամանակ, այնպես էլ հիմա՝ նոր շուկաներ մուտք գործելու ճանապարհին, մեզ համար հիմնաքարային է մեր բաժանորդներին որակյալ ծառայություն մատուցելու սկզբունքը։ Այսինքն՝ մեզ համար կարեւոր է, թե հաճախորդի համար ինչ խնդիր ենք լուծում եւ ինչպես ենք կարողանում օգտակար լինել»,- ասել է ընկերության համահիմնադիր Արմենակ Խաչատրյանը:

HelloSIM-ը, որն արդեն ներկայացուցչություններ ունի Հայաստանում եւ Վրաստանում, չի պատրաստվում սահմանափակվել Բելառուսով. առաջիկա ամիսներին այն ներկայացուցչություն կունենա եւս մեկ երկրում։