11:03 | 07.12.18 | Հոդվածներ | exclusive 61151
Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի աքսելերացիոն երրորդ ծրագիրը:
Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում եւ հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաեւ մասնակցություն սեմինարների, ինչպես նաեւ խորհրդատվություն փորձառու ձեռներեցներից:
Itel.am-ն այս շարքում ներկայացնում է EPIC-ի աշնանային ծրագրի թիմերին:
Շարքի երկրորդ մասում կպատմենք RendChain, Creatr եւ Edwise ստարտափների մասին, որոնք նորարարական լուծումներ են առաջարկում գրաֆիկաներում ու ֆիլմերում՝ բլոկչեյնի եւ արհեստական բանականության միջոցով:
RendChain - ստարտափն օգնում է եռաչափ եւ շարժողական գրաֆիկաների, վիզուալ էֆեկտների, ֆիլմարտադրության, անիմացիաների ոլորտներում աշխատող մասնագետներին:
Ստարտափի նպատակն է մեկ հարթակում հավաքել համակարգչի հաշվարկային ուժը եւ բարդ տեղեկատվական հաշվարկներ իրականացնող կազմակերպություններին թույլ տալ օգտվել աշխարհում առկա ողջ համակարգչային ներուժից:
RendChain-ը սպասարկում է երկու տեսակի հաճախորդների՝ Render Requestor-ներին, ովքեր իրենց նախագծերի համար ցանկանում են օգտվել ծառայություններից, եւ համակարգիչների օգտատերերի, ովքեր վարձակալությամբ պատրաստ են տրամադրել իրենց համակարգչի՝ չօգտագործվող հաշվարկային ուժը:
Creatr - ստարտափի թիմը մտադիր է ստեղծել հարթակ ֆիլմարտադրության ոլորտի համար, ինչը կօգնի լուծել ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների հետ կապված ոլորտի ամենատարածված խնդիրները:
Ստարտափում նշել են, որ Creatr-ը կապ է ստեղծում սցենարիստների, ռեժիսորների, դերասանների, օպերատորների եւ այլ մասնագետների միջեւ: Թիմը կազմելուց եւ նախագիծն ավարտին հասցնելուց հետո ստարտափը հնարավորություն կունենա կապ հաստատել ներդրողների եւ հովանավորների հետ՝ նախագիծն իրականացնելու համար:
Edwise - Յուրաքանչյուր ֆիլմ մոնտաժելու համար պահանջվում է միջինում 3-4 ամիս, որի 80%-ը ծախսվում է տեխնիկական մշակման, իսկ 20%-ը՝ ստեղծարար մշակման եւ որոշումներ կայացնելու վրա: Edwise ստարտափը ֆիլմարտադրողներին հնարավորություն է տալիս արհեստական բանականության միջոցով ավտոմատացնել առօրյա տեխնիկական աշխատանքները, օրինակ՝ հերթականության խմբագրումը, գունային ուղղումները եւ այլն:
Այս պահին թիմն իրականացնում է շուկայի հետազոտության աշխատանքներ եւ օգտագործում է տարբեր տեսանյութեր՝ ալգորիթմներ մշակելու համար: Edwise ստարտափի ստեղծումից առաջ, թիմի անդամներից մեկը դիմել է Հարվարդի Բիզնես դպրոցի Harvard Crossroads ամառային ծրագրին, իսկ թիմի մյուս անդամը մշակել է նախատիպերի տրամաբանության համակարգ, որի արդյունքները ներկայացրել է տարբեր համալսարաններում, այդ թվում՝ Ստոկհոլմի համալսարանում: