14:43 | 15.10.18 | Հոդվածներ | exclusive 77727

DISQO-ի համահիմնադիր. Հայաստանում տաղանդներ ենք փնտրում

Արդեն տեղեկացրել ենք, որ հայ հիմնադիրներ ունեցող ամերիկյան DISQO ընկերությունը, որը վերջերս $13.5 մլն ներդրում է ստացել, Հայաստանում մասնաճյուղ է հիմնել:

DISQO-ն սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում աշխարհի առաջատարներից է եւ ներկայում Հայաստանի թիմի ընդլայնմամբ է զբաղված:

«Թումո» կենտրոնում արդեն գործում է ընկերության ժամանակավոր գրասենյակը: Հայաստանյան մասնաճյուղում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Itel.am-ի հետ զրույցում այս օրերին Հայաստանում գտնվող DISQO-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քոչարեանը նշել է, որ ծրագրում են Հայաստանում առաջիկա 1-2 տարվա ընթացքում մեծամասամբ տեխնիկական մասնագետներից կազմված 30 հոգանոց թիմ ունենալ:


Դրո Քոչարեանը, ով որպես ձեռնարկատեր, խորհրդատու եւ ներդրող 20 տարվա փորձ ունի, առաջին անգամ է Հայաստանում:

«Որպես 3 հայ համահիմնադիր ունեցող ընկերություն, մեր պլաններում միշտ եղել է Հայաստանում ներկայություն ունենալը: Այսօր արդեն այստեղ ենք եւ տաղանդներ ենք փնտրում: Ուրախ ենք, որ ամռանը ներդրումային Ա ռաունդում $13,5 մլն ներգրավելու արդյունքում կարող ենք թիմ ունենալ Հայաստանում»,- նշել է DISQO-ի համահիմնադիրը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում նախ հավաքագրելու են ավագ մասնագետների թիմ, որը կկազմի գրասենյակի հիմքը, ապա կսկսեն նաեւ սկսնակ մասնագետների համար թրեյնինգներ կազմակերպել:

DISQO-ի ամերիկյան եւ հայաստանյան թիմերն աշխատելու են համատեղ:

«Հայաստանում DISQO-ի R&D (հետազոտություններ եւ մշակումներ) կենտրոնը զբաղվելու է նույն գործառույթներով, որոնցով զբաղվում է ամերիկյան թիմը:
Մեր նպատակն է Հայաստանում գործող այլ ՏՏ ընկերությունների հետ միասին զարգացնել ոլորտը: Մեծածավալ աշխատանք կա անելու բոլոր ֆրոնտներում»,- եզրափակել է Դրո Քոչարեանը:

DISQO-ն հիմնադրվել է Լոս Անջելեսում 2015թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից: Այն սպառողներից ուղղակիորեն հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերություններին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը եւ բրենդի առաջխաղացումը: