10:55 | 04.09.18 | Հոդվածներ | exclusive 67814
Blockchain Technologies Corporation-ի գործադիր տնօրեն Նիք Սպանոսն օգոստոսին վերադարձել էր Երեւան՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչներին առաջիկա ընտրությունները բլոկչեյն տեխնոլոգիայով անցկացնելու վերաբերյալ խորհուրդներ տալու նպատակով:
Սպանոսը, որն ընտրական գործընթացների 35 եւ բլոկչեյնի ու թվային արժույթների ոլորտում 8 տարվա փորձ ունի, առաջին անգամ Հայաստան էր այցելել հունվարին, որի ընթացքում հանդիպել էր ուսանողների եւ պատգամավորների հետ: Այցի արդյունքներով ոգեւորված՝ նա Հայաստանում իր ընկերության մասնաճյուղը բացելու որոշում էր կայացրել:
Itel.am-ի հետ բացառիկ զրույցում Նիք Սպանոսը պատմել է, որ այս անգամ Հայաստան կոնկրետ առաջարկով է ժամանել:
«Ուրախ եմ վերադառնալ հաղթանակած երիտասարդ հեղափոխականների երկիր: Սկզբում Հայաստանն աշխարհին հայտնի դարձավ խաղաղ, թավշյա հեղափոխությամբ: Հայաստանի երկրորդ հեղափոխությունը պետք է լինի ավանդական քվեաթերթիկներով եւ բլոկչեյնով ընտրական գործընթացի անցկացման հեղափոխությունը»,- նշել է նա:
Սպանոսը VoteWatcher/VoteUnits-ը նկարագրում է որպես բլոկչեյնի վրա հիմնված ամբողջովին թափանցիկ համակարգ, որն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված քվեաթերթիկ սքանավորող մեքենաները: Սա թույլ է տալիս հաշվարկել քվեների թիվը եւ հասնել ընտրության վերջնական արդյունքի անփոփոխելիությանը:
Նիք Սպանոսի խոսքով՝ թղթե քվեաթերթիկները կարեւոր են, քանի որ յուրաքանչյուր մարդու հնարավորություն են տալիս վստահել եւ հասկանալ, թե ինչպես են իրենց ձայները հաշվվում: Միաժամանակ, նա ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները բլոկչեյնի միջոցով արձանագրելը պահպանում է յուրաքանչյուր քվեի անփոփոխելիությունը:
Պատենտի նկարագրության համաձայն ՝ քվեները ստացվում են բարկոդ սքաներով կամ քվեարկելու համակարգով եւ անվտանգ պահպանված են մասնավոր շղթաներում: Յուրաքանչյուր թեկնածուի արդյունքը թարմացվում է ըստ նոր քվեների եւ պահեստավորվում՝ ստեղծելով վերահսկելի ձայների անփոփոխելիության շղթա, որը կանխարգելում է ընտրակեղծիքները եւ հնարավոր սխալները՝ քվեների հաշվարկման գործընթացում:
«Թափանցիկության այս հեղափոխությունը մուտք է դեպի նոր դարաշրջան, որտեղ բլոկչեյն տեխնոլոգիաները քաղաքացիներին տալիս են իրենց կառավարություններին հաշվետու պահելու գործիքներ»,- եզրափակել է Նիք Սպանոսը:
Նիք Սպանոսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը