12:56 | 06.11.18 | Նորություններ | 12399

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գնիշիկում գարնանը կգործարկվի ոռոգման ջրի ներքին ցանց

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը:

Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում, ամռան վերջին ամսից մեկնարկել էին ոռոգման ջրի խողովակաշարի տեղադրման աշխատանքներ:

Կառուցվել է ոռոգման ջրի՝ շուրջ 1,5 կմ երկարությամբ ամբողջովին նոր ցանց: Տեղադրվել են պոլիէթիլենային բարձրորակ խողովակներ: Ավելին. յուրաքանչյուր տնամերձի համար ապահովվել է առանձին ծորակ, որը թույլ կտա ոռոգում իրականացնել առանց դժվարության ու ջրի հոսակորուստի: Ոռոգման ջրի՝ ամբողջովին նոր ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Խողովակաշարը տեղադրվել է, կատարվում է հողի հետ լիցք:

«Մինչեւ ձմեռ ցանցի գործարկումը կփորձարկվի եւ գարնանը լիարժեք պատրաստ կլինենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Ոռոգման ջրի նոր ցանցը մոտավորապես 20 հեկտար տարածք մշակելու հնարավորություն է ընձեռում: Այս ծրագրի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլեւ Մոզրով բնակավայրի բնակիչները. ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարեւան բնակավայրի բնակիչների համար: Ի դեպ, արդեն իսկ, շուրջ 30-ով ավելացել է տնամերձի համար ներկայացվող դիմումների քանակը»,- նշել է գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լեւոնյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորության հարցը, տրամադրվել է գյուղտեխնիկա: