11:48 | 05.10.18 | Նորություններ | 8344

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է WITSA տնօրենների խորհրդի անդամ

Հայաստանում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի անդամ:

Ընտրությունը կատարվել է Երեւանում կայացած WITSA տնօրենների խորհրդի ու գլխավոր ասամբլեայի տարեկան ժողովի շրջանակում:


WITSA-ն 80-ից ավելի երկրների ՏՀՏ ոլորտի ասոցիացիաների առաջատար կոնսորցիում է, որը ներկայացնում է համաշխարհային ՏՀՏ ոլորտի շուրջ 90 տոկոսը: Տնօրենների խորհրդում ընդգրկված են 21 երկրների ներկայացուցիչներ:


Համաժողովի շրջանակում WITSA անդամները քննարկել են ալյանսի գործունեության, ինչպես նաեւ 2019թ. Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) օրակարգային ու կազմակերպչական մի շարք հարցեր:


WITSA անդամների շուրջ 40 երկիր ներկայացնող պատվիրակության անդամները ներկա կգտնվեն այսօր՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին, կծանոթանան մասնակից ընկերությունների նորարար լուծումներին ու հայաստանյան ՏՀՏ միջավայրին: ԴիջիԹեքում կհայտարարվի նաեւ 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք WCIT 2019-ի հետհաշվարկը: