11:34 | 03.09.18 | Նորություններ | 8073

Startup Wise Guys-ի տնօրենը հանդիպել է հայաստանյան ստարտափներին

Օգոստոսի 30-ին Երեւանում էստոնական Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն հանդիպել է հայաստանյան ստարտափների:

GlobalAM ՀԿ-ի գրասենյակում կայացած միջոցառման նպատակն էր ընտրել B2B SaaS ու FinTech ուղղվածության հայկական ստարտափների՝ աքսելերատորի առաջիկա ծրագրերին մասնակցելու համար:


Startup Wise Guys-ի գործադիր տնօրենը հաղթող թիմերի անունները կհայտարարի այս շաբաթ: Նրա խոսքով՝ Հայաստանից դիմումների քանակը գերազանցել է իր սպասելիքները։ Նախապես հայտ է ներկայացրել 40 հայկական ստարտափ, որից 12-ի հետ Ալոնսոն հարցազրույցներ է անցկացրել Երեւանում, իսկ մյուսների հետ առցանց աշխատում է թիմը:


«Հայաստանյան թիմերը տաղանդավոր ու պատրաստված են, այդ պատճառով էլ ցանկանում ենք նոր գաղափարներով թիմերի հետ աշխատել։ Ընտրությունը կատարում եմ՝ հաշվի առնելով մի քանի գործոններ: Նախ՝ ստարտափը պետք է պարզ ու հասկանալի ներկայացնի իր արտադրանքը, երկրորդը՝ կարողանա ճիշտ հասկանալ թիրախային հաճախորդներին եւ շուկան, ամենակարեւորը՝ ինքնատիպ պրոդուկտ առաջարկի եւ լավ թիմ ունենա, որովհետեւ մեր որոշումը կախված է թիմի կայունությունից, նույնիսկ եթե նրանց արտադրանքն աշխարհում լավագույնը չէ»,- պարզաբանել է նա:


Էստոնիայում հիմնադրված Startup Wise Guys-ը B2B ստարտափների հետ աշխատող առաջին եվրոպական աքսելերատորն է: Այն մինչ օրս ներդրումներ է կատարել 35 երկրի 100-ից ավելի ստարտափներում։ Հայաստանից նախկինում Startup Wise Guys-ի շրջանավարտ են դարձել Inapptics եւ Currencii ստարտափները: