14:17 | 02.08.18 | Նորություններ | 6376

Y Combinator-ի անվճար ստարտափ դպրոցն ընդունում է հայտեր

Հայկական ստարտափները կարող են դիմել Սիլիկոնյան հովտի ամենահայտնի աքսելերատորներից մեկի՝ Y Combinator-ի անվճար ստարտափ դպրոցում սովորելու համար:

10 շաբաթ տեւողությամբ օնլայն դասընթացը նախատեսված է այն ստարտափների հիմնադիրների համար, որոնք օգնության կարիք ունեն վաղ շրջանի մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին:   

Դասընթացը կմեկնարկի օգոստոսի 27-ին: Հայտերը հարկավոր է լրացնել այստեղ մինչեւ օգոստոսի 13-ը:  


«Ծրագրում ենք $10 հազ. տրամադրել դասընթացին միացած եւ այն ավարտած 100 լավագույն ստարտափներին: Այդ ընկերությունները նաեւ վիդեո զրույցի հնարավորություն կստանան Y Combinator-ի գործընկերներից որեւէ մեկի հետ: Սա թույլ կտա խորհրդատվություն ստանալ Y Combinator-ի հաջորդ աքսելերացիոն ռաունդին դիմելու համար»,- նշել են աքսելերատորում:

Ընտրված ստարտափները մի շարք հարթակներում $50 հազ. արժողությամբ ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն կստանան:   

Ստարտափ դպրոցի խոսնակների թվում են Y Combinator-ի համահիմնադիր Փոլ Գրահամը, նախագահ Սեմ Ալտմանը եւ գործադիր տնօրեն Մայքլ Սեյբելը, եւ այլն:


2017թ. ստարտափ դպրոցին մասնակցելու համար դիմել էր ավելի քան 13 հազ. ստարտափ: Նրանցից 2800-ը մասնակցել է ծրագրին՝ ներկայացնելով 141 երկիր: Մասնակիցներից 1587-ն ավարտել է դասընթացը, իսկ 38-ն ընտրվել է մասնակցելու Y Combinator-ի հիմնական ծրագրին ու ներդրում ստացել:  

«Մեր նպատակն է օգնել բոլորին, անկախ ով լինելուց եւ աշխարհագրական դիրքից, զարգացնել իրենց ստարտափը: Դպրոցի ուսուցողական նյութերը հասանելի կլինեն օնլայն դասընթացի ավարտից հետո՝ որպես մշտական ռեսուրս ստարտափ հիմնադիրների համար»,- տեղեկացրել են Y Combinator-ում: