10:07 | 03.07.15 | Հարցազրույցներ | exclusive 11158

ggTaxi-ն ցանկանում է ՀՀ-ում էլեկտրական ավտոմեքենաներ արտադրել

Հայկական ggTaxi ընկերությունն օրերս $200 հազ. ֆինանսավորում է ստացել, որի մի մասը տրամադրել է «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը:

Itel.am-ը ստացած ֆինանսավորման եւ ապագա ծրագրերի մասին զրուցել է ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ:

-Նախ շնորհավորում ենք օրեր առաջ ստացած ֆինանսավորման կապացկությամբ: Ի՞նչ ուղղություններով է օգտագործվելու այդ գումարը:

- Գումարը ծախսելու ենք ծրագրավորման եւ սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաեւ նոր շուկաներ դուրս գալու համար:

Ցանկանում եմ նշել, որ սա վենչուրային ներդրում չէ, այլ վաղ շրջանի ներդրում (seed investment): Սակայն, որպես կապիտալ, բավական մեծ գումար է՝ թե շուկայի եւ թե մեր գիտակցության համար:

Ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել տարբեր ներդրողների հետ, քանի որ կարծում ենք, որ ներդրողի հետ պետք է սկսել շփվել վաղ շրջանում, եւ այն պահին, երբ դուք արդեն հասունացած կլինեք, վերջինս եւս պատրաստ կլինի ներդրում կատարել: Պետք է հաշվի առնել, որ դիմացինը ձեզ չի վստահում, եւ դա նորմալ է. կվստահի միայն այն ժամանակ, երբ տեսնի ձեր աճի գործընթացը:

Նշեմ, որ մինչ ներդրումը մենք արդեն ապահովել էինք թեկուզ փոքր ծավալով եկամտի հոսքը. մեր օգտատերը, բացելով հավելվածը, արդեն գումար է ծախսում:

Ապագա ներդրողները մեզ չպետք է ստիպեն ներկայանալ, օրինակ, Made in San Francisco բրենդով, պետք է պահենք Made in Armenia-ն: Սա շատ լուրջ ազդակ կլինի նաեւ շուկայի մյուս ստարտափների համար: Սա ազգային վերածննդի գաղափարի հետ է կապված եւ իրականության կդառնա այն դեպքում, երբ հայկական բրենդն առաջ մղվի: 
 
-Ի՞նչ տեմպերով է ներկայում զարգանում ggTaxi-ն:

-Պատվերների առումով ամսական 10-20% կայուն աճ ենք ունենում: Եթե 2014թ. վերջին օրական 100, իսկ տարեսկզբին 150 պատվեր էինք ունենում, ապա այսօր դրանց թիվն անցնում է 300-ը:

Իրականում սա շատ մեծ թիվ չէ, սակայն կայուն գործընթաց է, եւ ապագայում մասշտաբները կմեծանան: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք 3-4 անգամ ավելացնել այդ թիվը: Օրական 1000 պատվերը նշանակետ է, որին պետք է հնարավորինս շուտ հասնել:

Որպես կանոն, օգտատերերի եւ վարորդների քանակական աճը պետք է հավասարաչափ ընթանա: Մեր դեպքում ներկայում պակասում են վարորդները: Հասկանում ենք, որ լավ վարորդներ ունենալու համար ժամանակ է հարկավոր, եւ շարունակում ենք ակտիվորեն նոր վարորդներ ներգրավել:

-Եվ ինչպե՞ս եք նոր վարորդներ ներգրավում:

- Սկզբում վարորդներ ներգրավելու նպատակով «փողոցներն էինք ընկել», բայց դա շատ ռեսուրսներ պահանջող գործընթաց էր եւ ոչ այնքան արդյունավետ: Ներկայում մենք այնքան հայտնի ենք, որ վարորդներն իրենք են գալիս:

Ակտիվ վարորդները շուրջ 170-ն են, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ 170-ն էլ այս պահին փողոցում են եւ կարող են սպասարկել: Ծրագրում ենք մեկ տարուց վարորդների թիվը հասցնել 1000-ի:
 
Կարծում եմ՝ մեզ մոտ արդեն ձեւավորվում է համայնք, որի առկայության շնորհիվ տվյալ պրոդուկտը կարող է կայանալ:

-Հաճախ ասում են, որ ggTaxi-ն Uber-ի հայկական կրկնօրինակն է: Դա այդպե՞ս է:

-Նման դեպքերում ասում եմ հետեւյալը՝ եթե մենք ավտոմեքենա ստեղծեինք, նորի՞ց ասելու էիք, որ այն արդեն ստեղծված է, նորարար չէ, հետեւաբար՝ անհետաքրքիր:

Կարծում եմ՝ բիզնեսի առումով նորմալ է, երբ տեսնելով ինչ-որ աշխատող միտք, փորձում ենք տեղում նրան նմանվող ինչ-որ բան ստեղծել: Իրականում մենք չենք փորձել կրկօրինակել ինչ-որ մեկին: Այն, ինչ ստեղծվում է, պարտադիր չէ, որ դառնա նույնը, ինչ ավելի վաղ ստեղծված պրոդուկտը: Ունենք խնդիր եւ հասկացել ենք, որ այդ մեթոդը կարող ենք այստեղ կիրառել խնդիրը լուծելու նպատակով: Հետագայում այն կարող է լրիվ ուրիշ բան դառնալ: 

-Օրինակ ի՞նչ:

- Ես Հայաստանում էլեկտրական ավտոմեքենաների արտադրության ներուժ եմ տեսնում: Ներուժը կա ինժեներների տեսքով, նրանց ուղղակի մի քանի մասնագետներն են պետք, որոնք երբեւէ մասնակցել են նման մեքենաների արտադրության պրոցեսին եւ կարող են խորհուրդներ տալ:

Եթե կարողանանք մեր պրոդուկտը տարածել ԱՊՀ բոլոր երկրներում, ապա շուկայի մոտավոր պատկերացում կունենանք: Հետեւաբար, եթե ստացվի էլեկտրական ավտոմեքենաների արտադրություն սկսել, ապա կստեղծվի կից պրոդուկտ, որը ԱՊՀ շուկայում սպառելու հնարավորություն կառաջանա:

Էլեկտրական ավտոմեքենաների պոտենցիալ գնորդներ կարող են դառնալ համակարգում աշխատող վարորդները:

Այդ նոր ավտոմեքենաները գուցե ավելի էժան չլինեն սովորական ավտոմեքենաներից, որոնք որպես տաքսի են օգտագործվում, սակայն սպասարկումն ավելի էժան կլինի: Հնարավոր է՝ շատերը հիմա իմ այս գաղափարը ֆանտաստիկ համարեն, սակայն բոլոր գաղափարներն ամենասկզբում հենց նման արձագանք են ստանում:

-Շուկայում հավելվածի միջոցով տաքսի մատակարարող արդեն մի քանի խաղացող կա: Չե՞ք վախենում մրցակցությունից:

- Այս բիզնեսի ամենամեծ նրբություններից է այն, որ վարորդին պետք է ընկալել իբրեւ ձեր հաճախորդ, այլ ոչ թե աշխատող: Նմանատիպ ընկերությունների միջեւ մրցակցությունը գնալու է հենց որակյալ վարորդների համար: Սակայն մենք մրցակցությունից չենք վախենում:

Մենք ունենք ներուժ եւ կարճ ժամանակում կարող ենք մի քանի միլիարդ դոլարանոց ընկերություն դառնալ. հիմա պետք է ճիշտ գործել եւ հասնել այդ նշաձողին:

Խաչատուր Գրիգորյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը