10:39 | 28.05.15 | Հարցազրույցներ | exclusive 31247

Ալիզ դե Տունակ. Հայաստանը կարող է տարածաշրջանային ՏՏ կենտրոն դառնալ

Այսօր Երեւանում կկայանա Seedstars Yerevan ստարտափ մրցույթը, որի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել իր ստարտափը Շվեյցարիայում կայանալիք Seedstars World մրցույթին:

«Seedstars Երեւան»-ի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ Seedstars World ընկերության հետ համատեղ:
 
Seedstars World-ը ստարտափների մրցույթ է՝ ուղղված զարգացող շուկաներին եւ արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերին: Համաշխարհային մրցույթի հաղթողը կստանա մինչեւ $500 հազ. ֆինանսավորում, իսկ տարածաշրջանային հաղթողները՝ տարբեր մրցանակներ, այդ թվում՝ մենթորների, հաջողակ ձեռներեցների եւ այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերին մասնակցություն եւ այլն:

Մրցույթի նախօրեին Itel.am-ը զրուցել է Seedstars World-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալիզ դե Տունակի հետ: 

-Սա Ձեր երկրորդ այցն է Հայաստան: Ի՞նչ է Seedstars-ն այս անգամ բերել Երեւան:

-Seedstars World մրցույթը սկսել է անցկացվել 2013-ից: Այս տարի դրանում ներառված է 55 երկիր: Նպատակն է աջակցել զարգացող շուկաների ձեռնարկատերերին՝ տրամադրելով անվճար առաջխաղացում, ներդրումներ, կապեր ստեղծելու հնարավորություն: Ամբողջ աշխարհում մենք ունենք ներդրողների, աքսելերատորների, ինկուբատորների, ձեռնարկատերերի մեծ ցանց եւ կապում ենք նրանց բոլորին իրար: 

Անցած տարի նորից Երեւանում էի՝ կազմակերպելու Seedstars Yerevan-ը: Հիմա երբ վերադարձել եմ, տպավորված եմ, թե ինչքան արագ է զարգանում Երեւանը: Այնքան շատ նախաձեռնություններ են այստեղ իրականացվում: Վերջերս այցելեցի «Այբ» դպրոց. այն անհավատալի նախաձեռնություն եմ համարում:

Կարծում եմ, Հայաստանը ինկուբատոր է՝ երկրի մակարդակով, որտեղ կարելի է ստեղծել պատկերավոր պրոդուկտներ եւ թեստավորել շուկայում: Նկատել եմ, որ Սփյուռքը վերջերս շատ է ակտիվացել եւ այժմ նրանք գիտեն՝ ինչպես ներդում կատարել հայկական միջավայրում՝ թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս: Այդ իսկ պատճառով գնալով շատանում են հաջողված պատմությունները: Երբ տեսնում ես, թե ինչպես է Sequoia Capital-ից միլիոնավոր դոլարներ ստացող PicsArt-ը տեղափոխվում Սան Ֆրանցիսկո եւ շարունակում իր թիմի մեծ մասը պահել Հայաստանում, հասկանում ես, թե որքան տպավորիչ է դա: 

Անընդհատ կրկնում եմ, որ ձեռնարկատիրության ասպարեզում ամուր էկոհամակարգ ստեղծելու ամենակարեւոր շարժիչներից է հաջողված պատմությունների առկայությունը:

Սա լավ է արտահայտված, օրինակ, սպորտի դեպքում: Եթե ձեր երկրում կա հայտնի ֆուտբոլիստ, հանկարծ բոլոր երեխաները ցանկանում են ֆուտբոլ խաղալ եւ հայտնի ֆուտբոլիստ դառնալ: Նույնը տեղի է ունենում ձեռնարկատիրության ասպարեզում: Որքան շատ հաջողված պատմություններ լինեն, այնքան դա կհրապուրի երիտասարդ սերնդին: Ես տեսնում եմ, որ այսօր Հայաստանում այս գործընթացը տեղի է ունենում:

Ես իսկապես հպարտ եմ Seedstars Yerevan-ի անցած տարվա հաղթող SoloLearn-ով, որն իր ուղին հենց ՄԻԿ աքսելերացիայի ծրագրից է սկսել: Թիմը Seedstars World-ի անցած տարվա 10 ֆինալիստների շարքում էր եւ մեր թոփ մասնակիցներից մեկն էր համարվում:
 
Ուրախ ենք համագործակցել ՄԻԿ Հայաստանի հետ այս մրցույթի շրջանակում, քանի որ այդ կազմակերպությունը համարում ենք տեղական էկոհամակարգը կառուցող հիմնական խաղացողներից մեկը: Ինձ դուր է գալիս այն մոդելը, որ նրանք օգտագործում են աքսելերացիայի ծրագրի շրջանակում ստարտափների հետ համագործակցելիս: Համոզված եմ, որ ՄԻԿ Հայաստանի հետ մեր համագործակցությունը կշարունակենք նաեւ ապագայում:


Ալիզ դե Տունակը

-Հայաստանը ծրագրում է 2018թ. ընդգրկվել աշխարհի թոփ 20 նորարար երկրների ցանկում: Ի՞նչ եք կարծում, դրա համար անհրաժեշտ ներուժն առկա՞ է:

-Այո, ներուժը կա: Կարծում եմ՝ Հայաստանը շատ հզոր մի բան ունի, որ շատ այլ երկրներ չունեն: Խոսքը Սփյուռքի մասին է, ինչը հզոր գործիք է: Այն, ինչ տեսնում ենք, դեռ սկիզբն է: Դեռ այնքան գիտելիք, գումար, ներուժ եւ հնարավորություններ են օգտագործվելու: Շուտով կտեսնենք, թե ինչքան հզոր կլինի զարգացումը:

-Հայաստանը մոտ ապագայում կարո՞ղ է կրկնել, օրինակ, Իսրայելի հաջողությունը:

-Շատ անգամ եմ լսել, որ այս կամ այն երկիրը սկսում են համարել հաջորդ Սիլիկոնյան հովիտ: Ես դրան չեմ հավատում: Սիլիկոնյան հովիտը շատ յուրահատուկ է եւ 5 տարում չէ, որ ստեղծվել է: Դա երկար գործընթաց է եւ գնում է մինչեւ «Ոսկու տենդի» ժամանակներ: Այնպես որ, սխալ է փորձել նմանվել Սիլիկոնյան հովտին կամ Թել Ավիվին: Յուրաքանչյուր քաղաք ունի սեփական ուժեղ եւ թույլ կողմերը: Եվ յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա, թե տեղացի ձեռնարկատերերը ինչ կարող են բերել միջազգային շուկա:

Հայկական շուկան ինքնին հետաքրքիր չէ, քանի որ 3 մլն բնակչությունը քեզ չի դարձնի համաշխարհային ընկերություն: Բայց կարծում եմ՝ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային ռազմավարական կենտրոն, կամրջի նման մի բան, որ ընկերություններին կտեղափոխի հաջորդ մակարդակ:

-Կառանձնացնե՞ք եվրոպական ստարտափների հիմնական սխալները:

-Առաջինը սխալ համահիմնադրի ընտրությունն է: Պետք է համահիմնադիրների ճիշտ թիմ ունենալ, եթե ցանկանում եք առաջ գնալ: Նաեւ հաճախորդների սխալ հասկացվածության խնդիրը կա: Երբեմն, երբ լսում ես ստարտափի ներկայացումը եւ սկսում հարցեր տալ, հասկանում ես, որ նրանք իրենց հաճախորդին ընդհանրապես չեն ճանաչում, չունեն այսպես կոչված հետադարձ կապի համակարգ:  

Նրանց համար հաճախորդը «թագավոր չէ»: Այնինչ, պետք է իմանալ, որ ձեր հաճախորդն այն առաջին մարդն է, որը կասի ձեզ, թե ինչն եք սխալ անում եւ ինչը պետք է լավացնել: Իսկ ձեր եւ հաճախորդի միջեւ անդունդը կարող է շատ վտանգավոր լինել:

-Խորհուրդ տալի՞ս եք պրոդուկտը նախքան շուկայում ներկայացնելը մանրամասն թեստավորել: 

-Կարծում եմ՝ մինիմում պրոդուկտ ստեղծելը, անմիջապես դրանից հետո ուղիղ շուկա գնալը եւ այն թեստավորելը ճիշտ տարբերակ է: Եթե սպասեք, թե երբ եք կատարյալ պրոդուկտ ունենալու եւ հետո միայն այն հանեք շուկա, հնարավոր է չափից շատ ուշանաք:  

-Ի՞նչը կստիպի ձեզ ներդրում կատարել ստարտափում:

-Եթե մեկ հատկանիշ է պետք ընտրել, ապա դա թիմն է: Երբ դուք երիտասարդ ընկերություն եք, ամեն ինչ հիմնվում է ձեր թիմի վրա: Նաեւ կնշեմ ձեռնարկատիրոջ կարողությունը՝ «վաճառելու» ձեզ իր տեսլականը եւ ծրագիրը:

-Կանայք եւ ստարտափները: Որքանո՞վ են Եվրոպայում եւ աշխարհում կանայք ակտիվ այս ոլորտում:

-Կարծես թե հայկական ստարտափ միջավայրում այնքան էլ մեծ չէ կանանց թիվը: Եվրոպայում էլ հիմնականում կանայք ոլորտում ավելի քիչ տոկոս են կազմում: Ես ամենաշատ կին ձեռնարկատերեր եմ տեսել այն երկրներում, որտեղ ամենաքիչն էի ակնկալում, օրինակ Հորդանան, Հրվ. Կորեա, Ավստրալիա: Բայց պետք է նշել, որ Եվրոպայում նրանք գնալով ավելանում են, հատկապես կառավարությունների աջակցության շնորհիվ: Բացի այդ, կանայք ավելի հակված են դառնում կարիերա ստեղծելու: Ձեռներեցությունը թրենդային է դառնում:

-Արդյոք միշտ լա՞վ է ներդրող ունենալ զարգացման նախնական շրջանում, թե՞ դա երբեմն կարող է սխալ լինել:

-Դա իսկապես կախված է նրանից, թե ով է քո ներդրողը: Կանխիկ փող ստանալ՝ կանխիկ ծախսելու համար վատ միտք է: Եթե կարիք ունեք գտնելու ներդող, փորձե՛ք գտնել մեկին, որը «խելացի փող» կներդնի: Նա իր հետ ոչ միայն գումար կբերի, այլեւ ճիշտ ցանց, կապեր, ձեր առաջ ճիշտ դռներ կբացի, այնպես որ համոզված կլինեք, որ դրանից ձեր բիզնեսը կշահի: Հիմա մենք ապրում ենք աշխարհում, որտեղ այնքան շատ գրանտներ են տրվում եւ մրցույթներ անցկացվում, այնպես որ կարող եք հեշտությամբ գումար ստանալ: Ազատ փող ստանալը հեշտացել է: Երբեք չեմ տեսել, որ լավ ձեռնարկատերը ներդրող գտնի զուտ փողի համար: Դա ռազմավարական լուրջ մոտեցում է:

-Ո՞րն է Ձեր հիմնական խորհուրդը հայկական ՏՏ ոլորտի համայնքին:

-Մեծ թվով հիանալի խաղացողներ կան հայկական շուկայում, որոնք իսկապես լավ գործ են անում: Շատ են խելացի եւ նվիրյալ մարդիկ, որոնք պատրաստ են երկար ժամանակ մնալ Հայաստանում: Միակ խորհուրդը, որ կտամ նրանց՝ երբեք մի՛ գերագնահատեք ամերիկյան շուկան եւ մի՛ թերագնահատեք մնացած աշխարհը:

Հիմնականում այն հայերը, որոնց հետ խոսել եմ, ծրագրում են մուտք գործել հենց ամերիկյան շուկա: Այո, գուցե դա տրամաբանական է՝ հաշվի առնելով հայկական համայնքը եւ կապերը: Բայց պետք է տեղյակ լինել նաեւ զարգացող շուկաներում եւ Եվրոպայում առկա հնարավորություններից: Հայերը կարծես դա թերագնահատում են: Ուղղակի ժամանա՛կ ծախսեք ուսումնասիրելու մյուս շուկաները եւս. ԱՄՆ-ը միակը չէ:
 
Ալիզ դե Տունակի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը