Ռոզալին Բաբայանը
14:56 | 21.05.15 | Հարցազրույցներ | exclusive 5960
Ամերիկյան Nickelodeon-ի պատրաստած Kungfu Panda եւ Monsters vs Aliens հեռուստատեսային անիմացիոն սերիալների ստեղծմանը մասնակցած հայազգի 3D անիմատոր Ռոզալին Բաբայանն այս օրերին Երեւանում է:
Ավստրալիայում բնակվող 3D անիմատորը համագործակցել է TeamBondi եւ Rockstar games ընկերությունների հետ, իսկ ներկայում 3D անիմացիա է դասավանդում Սիդնեյում:
Ռոզալին Բաբայանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 30 հայ պատանիների համար երեքշաբաթյա եռաչափ անիմացիոն դասընթաց է վարում:
Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Ռոզալին Բաբայանի հետ:
-Չորս տարի անց վերադառնալով հայրենիք՝ ի՞նչ փոփոխություններ եք նկատում այստեղ:
-Առաջին՝ 2011թ. այցս Հայաստան նման էր կարճ արձակուրդի: Այս անգամ ամեն ինչ ուրիշ է, քանի որ այստեղ եմ «Թումո»-ում դասավանդելու նպատակով:
Փոփոխությունները շատ են, ամենուր զարգացում եմ նկատում:
Հաճելի էր նկատել, որ, օրինակ, ինտերնետն այստեղ լավ տարածված է: Երեւանում գտնվելու ընթացքում ինտերնետի հասանելիության խնդիր երբեւէ չեմ ունեցել, ինչն իսկապես տպավորիչ է:
«Թումո»-ն ինձ հաճելիորեն զարմացնում է. այն եզակի է, քանի որ անվճար է: Տեղյակ չեմ Սիդնեյում գործող այնպիսի կենտրոնների մասին, որոնք նախատեսված են հատուկ պատանիների համար` այն էլ անվճար հիմունքներով:
-Ինչպիսի՞ն են 3D անիմացիայով հետաքրքրվող հայ պատանիները:
-«Թումո»-ն մասնավորապես հիասքանչ են դարձնում կենտրոնի սաները: Աշխատում եմ երկու խմբի հետ՝ շաբաթական երեք դասով: Իրականում սա շատ խիտ գրաֆիկ է, քանի որ, օրինակ, նույն Ավստրալիայում շաբաթական 1 դաս եմ անցկացնում՝ մեկ խմբի հետ:
Պետք է ասեմ, որ Հայաստանում մեծանում է տեխնիկապես զարգացած եւ ստեղծագործ մարդկանց սերունդ: Շատ եմ ցանկանում տեսնել, թե որտեղ կաշխատեն այս պատանիները 5-10 տարի անց:
Պարտադիր չէ, որ նրանք հեռանան Հայաստանից: Ընդհակառակը, ես այս օրերին ուսումնասիրում եմ հայկական շուկան՝ փորձելով գտնել ձեւեր, որոնք կօգնեն, որ իմ սաները մնան եւ աշխատեն Հայաստանում: Հաճախ եմ նրանց ասում. «Մնացեք այստեղ: Հայաստանն այնքան հեռու չէ շատ վայրերից, ինչպես Ավստրալիան: Այն մոտ է Եվրոպային, Մերձավոր Արեւելքին եւ Ասիային: Այնպես որ, շատ բան է հնարավոր անել հենց Հայաստանում»:
Հայաստանի գլխավոր առավելություններից է այլ վայրերի համեմատ նվազ մրցակցությունը: Սխալվում եք, եթե կարծում եք, որ Սիդնեյ ժամանելու դեպքում միանգամից թակելու են ձեր տան դուռը եւ աշխատանք առաջարկելու: Ինքներդ պետք է հասնեք դրան: Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում տեղական շուկայում հաջողության հասնել, միգուցե անհրաժեշտ է, որ պատճա՞ռը հասկանաք, միգուցե բավարար չափով կրթվա՞ծ չեք:
Իմ սաներն այստեղ այս կարճ ժամանակահատվածում գրեթե անհնարինն արեցին: 3 շաբաթվա այս կուրսը Ավստրալիայում 6-8 շաբաթում ենք անցնում: Հայաստան վերադառնալու գլխավոր պատճառներից մեկը կրկին իմ սաները կլինեն: Մտադիր եմ վերադառնալ եւ նրանց հմտությունների նոր մակարդակ տեղափոխել:
Ինձ դուր է գալիս այն, որ ուսանողներս օգտագործում են տեխնոլոգիական վերջին միտումները: Օրինակ, իմ դասընթացի առաջին օրը կարիք չկար սաներիս բացատրել, որ մենք աշխատելու ենք երեք կոճակ ունեցող մկնիկով, քանի որ նրանք արդեն տեղյակ էին: Ավստրալիայում իմ սաներին, օրինակ, երբեմն պետք է հիշեցնել, որ եթե ձեր դպրոցը տալիս է ձեզ հնարավորություններ, օգտագործեք դրանք: Չէ՞ որ հիասթափեցնող է, երբ տրամադրվող սարքավորումներն առկա են, սակայն չեն գործածվում:
Հաճախ եմ սաներիս իմ օրինակը բերում: Ես ոլորտում եմ շուրջ 10 տարի եւ եթե հայկական ընկերությունից լավ առաջարկ ստանամ, հնարավոր է՝ մտածեմ այն ընդունելու մասին: Իմ միակ խնդիրն այն է, որ Ավստրալիայում ունեմ սիրված մի քանի աշխատանք, որոնք պետք է փորձեմ համատեղել, ինչը հաճախ բարդ է:
-Հայաստանում վերջին շրջանում 3D լուծումներ առաջարկող մի շարք ընկերություններ են սկսել գործել: Ի՞նչ գիտեք տեղական շուկայի մասին:
-Պետք է նշեմ, որ ոլորտը շատ ավելի զարգացած է, քան ես կարող էի պատկերացել: Ոչ միայն հայկական ընկերությունների համար թրեյնինգ անցկացնելու, այլեւ վերջիններիս հետ աշխատելու ներուժ կա:
Իմ ճանաչած բոլոր ընկերություններն իրար նման են, բայց միաժամանակ՝ շատ տարբեր: Հասցրել եմ ծանոթանալ Frismos, Plexonic ընկերությունների մոբայլ խաղերին, որոնք իսկապես հետաքրքիր են: Այդ խաղերը նաեւ իմ սաներին եմ ներկայացրել: Հետաքրքիր էր այն, որ ուսանողները ներկայացման սկզբում կարծում էին, որ ես ավստրալական խաղեր եմ իրենց ներկայացնում: Հետո, երբ ասացի, որ սրանք հայկական խաղեր են, նրանք զարմացան:
Շատ եմ հետաքրքրված Triada ընկերությամբ: Նրանց հետ կապ կպաշտպանեմ եւ հաջորդ այցիս ընթացքում անպայման կծանոթանամ: Սա համաշխարհային որակի ընկերություն է: Շատ եմ ցանկանում ավելին իմանալ նրանց մասին:
Ի դեպ, օրեր առաջ Հայաստանում ծանոթացա մի աղջկա հետ, որը անիմացիոն հայտնի դպրոցներից մեկում 3D անիմացիա է օնլայն սովորում: Նա խորհուրդ էր հարցնում, թե ինչ անի, հետո ուր գնա, քանի որ կարծում էր, որ Հայաստանում բավականաչափ հնարավորություններ չկան: Ուրախ եմ, որ ծանոթացա նրա հետ, եւ եթե կապ հաստատեմ տեղական ընկերությունների հետ, խորհուրդ կտամ աշխատանքի վերցնել այդ աղջկան: Ես նրան ասացի, որ հնարավորությունները շատ են, եւ որ այս երկու շաբաթների ընթացքում ես արդեն իսկ բազմաթիվ ընկերությունների մասին եմ լսել: Այո, հեշտ չի լինի, բայց աշխարհի ոչ մի կետում էլ ոչինչ հեշտ չի տրվում:
Ցանկանում եմ այստեղ ավելին անել եւ անհամբերությամբ եմ սպասում Հայաստանում ապագայի ծրագրերի մաս կազմելուն:
Մի առաջարկ ունեմ՝ Երեւանում կազմակերպել կրեատիվ փառատոն, որի մասնակիցները հնարավորություն կստանան ցուցադրել իրենց աշխատանքները: Սա կարող է ոչ միայն տուրիզմի խթան դառնալ եւ գումար բերել երկիր, այլեւ ցույց տալ աշխարհին հայկական մշակույթը եւ նորարարական մտածելակերպը:
Ռոզալին Բաբայանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը