13:12 | 04.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 35464

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. WineNet

Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:

WineNet-ը վեբ հարթակ է եւ մոբայլ հավելված, որն ամբողջական ինֆորմացիա է ապահովում հայաստանյան շուկայում առկա գինիների (ոչ միայն հայկական), գինու ոլորտի միջոցառումների, տուրերի եւ ուղիների, գինու սրահների ու բարերի մասին, հնարավորություն է տալիս ամրագրել տոմսեր եւ սեղաններ, կարդալ եւ թողնել կարծիքներ գինիների մասին։

Ստարտափի գաղափարը գինու մասնագետ Նաիրի Գրիգորյանինն է։
Համահիմնադիրներն են Մարգարիտ Իսոյանը (ծրագրավորող), Վահե Վարդումյանն (ծրագրավորող) ու Վարսեր Զաքարյանը (մարքեթինգի մասնագետ)։

WineNet-ում Itel.am-ին տեղեկացրել են, որ հարթակը առանձնանում է իր բազմաֆունկցիոնալությամբ, քանի որ հնարավորություն է տալիս միաժամանակ սկանավորել գինին, կարդալ դրա մասին ինֆորմացիա, կարծիքներ, ինչպես նաեւ պատվիրել այն։

«Նախկինում այդ ամենն անելու համար հարկավոր էր ներբեռնել առնվազն երեք տարբեր հավելվածներ։ Նման ծառայություններ ապահովող հավելվածներ, իհարկե կան, բայց դրանք առավել կիրառելի են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։ Բացի այդ՝ դրանք չեն ապահովում համապատասխան տեղեկատվություն հայկական գինի արտադրողների, գինիների ու գինու ողջ ոլորտի մասին»,- նշել են ստարտափում:

WineNet-ի թիրախում են գինի սիրող կամ գինին որպես նվեր դիտարկող մարդիկ: Ստարտափն աշխատում է գինու գործարանների, գինի արտադրողների, գինու առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ՝ գինու սրահներ, թանգարաններ, բարեր, համագործակցում գինու տուրեր եւ միջոցառումներ կազմակերպող ընկերությունների հետ:

Ստարտափի կայքն ու հավելվածը կգործարկվեն այս ամսվա վերջին:

«Առաջիկա տարվա ընթացքում նախատեսում ենք Հայաստանում ձեռք բերել մեծաքանակ ակտիվ օգտագործողներ եւ ներգրավել ոլորտի առնվազն 90% ձեռնարկություններին՝ որպես գործընկեր»,- նշել են ստարտափում:

Դիմելով Armenia Startup Academy-ի ապագա մասնակիցներին՝ WineNet-ի թիմը խորհուրդ է տվել բաց չթողնել դասերը.

«Հնարավոր է՝ դա ձեզ չվնասի զգալի կերպով, բայց դուք դասերը բաց թողնելով մի քանի անգամ դանդաղեցնում եք ձեր նախագծի առաջընթացը։ Ակադեմիայի թիմը հրաշալի ուսումնական ու պրակտիկ դասերի ծրագիր է մշակել, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում նշել, որ յուրաքանչյուր դաս կարեւոր է ձեր իսկ նախագծի արագ իրագործման համար»։

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան