10:57 | 23.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 39906
Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:
WiMedia
WiMedia-ն միջազգային Wi-Fi գովազդային հարթակ է, որը հասարակական տարբեր վայրերում (այգիներ, հրապարակներ, փողոցներ, հասարակական կառույցներ, տրանսպորտ) տրամադրում է անվճար Wi-Fi գոտիներ:
Հասարակական որեւէ վայրում, մինչեւ անվճար Wi-Fi ինտերնետի ցանցին միանալը, հաճախորդի հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի ամբողջ էկրանին հայտնվում է գովազդ, որը հնարավոր է անջատել միայն 6 վայրկյան դիտելուց հետո:
WiMedia-ն, Հայաստանից բացի, հասանելի է Պարսկաստանում, Վրաստանում եւ Իսպանիայում։
Թիմի խոսքով՝ WiMedia-ն նմանատիպ պրոդուկտներից առանձնանում է նրանով, որ ամբողջովին օնլայն է, առաջարկում է գովազդի թիրախավորման տարբեր լուծումներ եւ գործիքներ, գովազդի արդյունքների վերլուծության օնլայն համակարգ:
Թիմում 11 մարդ է: Հիմնադիրներն են Կարեն Մելքումյանը, Դավիթ Ալանակյանը եւ Հարություն Նահապետյանը:
Թիրախում B2B սեգմենտն է:
Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը WiMedia-ին տվել է պրակտիկ գիտելիքներ, կապեր եւ առաջխաղացման հստակ տեսլական միջազգային շուկայում, ինչպես նաեւ նոր ընկերներ:
Նոր դիմող ստարտափներին WiMedia-ում խորհուրդ են տալիս բաց չթողնել որեւէ դաս, քաղել մաքսիմալը յուրաքանչյուր հանդիպումից, տալ շատ հարցեր, կիսվել սեփական փորձով, ուշադիր լսել խոսնակների խորհուրդները:
Առաջիկա տարում ընկերությունը պլանավորում է ամրապնդել դիրքերը պարսկական եւ վրացական շուկաներում, մտնել չինական եւ թայլանդական շուկաներ, ինչպես նաեւ ստանալ ներդրում՝ ասիական շուկայում զարգանալու համար:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան