16:08 | 01.06.18 | Նորություններ | 15239

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ հունիսի 1-ին նվիրված միջոցառում

Այսօր՝ հունիսի 1-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ կայացել է տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Միջոցառումը համախմբել է երեխաներին «Հին Երեւան. կենդանի հիշողություն» թեմայի շուրջ:

Տոնախմբությունը մեկնարկել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ շուրջ 300 դպրոցականներ մասնակցել են հանրային ինստալացիայի՝  վերապատկերելով դեռեւս խորհրդային տարիներին Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնվող «Հին Կասկադ» շատրվանի խճանկարը, որի հեղինակը քանդակագործ Դերենիկ Դանիելյանն էր (1912-1994):

Նախագծի շրջանակում ստեղծվել է նաեւ լրացված իրականության (Augmented Reality) հարթակ, որը հնարավորություն է տալիս «կենդանացնել» Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, դրվագներ վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաեւ խճանկարի անիմացիոն տարբերակը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տարի միջոցառումը նվիրվում է Երեւան քաղաքի հիմնադրման 2800 ամյակին եւ, ներկայանալով նոր ձեւաչափով, ինչպես նաեւ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Կենտրոնը երեխաներին եւ բոլոր  այցելուներին  հնարավորություն տվեց մասնակից դառնալու հին Կասկադի պատմության վերակենդանացմանը «Հին Երեւան. Կենդանի հիշողություն» հրաշալի նախագծի շրջանակներում, որն իրականություն դարձավ մեր մշտական գործընկեր Beeline-ի հովանավորությամբ եւ աջակցությամբ: Շնորհակալ ենք Beeline-ին՝ ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, շարունակական աջակցության համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Այսօր մենք շատ ուրախ ենք մասնակից լինել Հունիսի 1-ին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը։ Հիանալի է, որ երեխաների պաշտպանության օրը մեր փոքրիկներն անցկացնում են իրենց մայրաքաղաքի եւ մշակույթի պատմությանը ծանոթանալով։ Ինչպես հայտնի է, ամենահզոր զենքը գիտելիքն է, եւ հետեւաբար կիրթ ու զարգացած սերունդը ամենապաշտպանվածն է»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տոնական միջոցառումն ամփոփվել է Գաֆէսճեան քանդակների պարտեզում Երեւանին նվիրված Ելենա Երեւանի եւ Լիլիթ Պիպոյանի համերգային ծրագրով: