12:20 | 17.05.18 | Նորություններ | 4256

Ստարտափները կարող են դիմել «Գլոբալ Կրեդիտ»-ի մրցույթին

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում, այս տարի եւս իրականացնում է ստարտափների ֆինանսավորման ծրագիր:

«Գլոբալ Կրեդիտ»-ում նշել են, որ ծրագրի նպատակն է մատչելի վարկավորման եւ վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական եւ այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ընկերություններին՝ կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

«Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ընկերությունները հրավիրվում են՝ մասնակցելու 2018թ. մայիսի 17-ից մեկնարկող «Գլոբալ Ստարտափ» մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում եւ էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի եւ այլ ոլորտներում նորարարություն առաջարկող եւ մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի եւ «Ռենեսա» ՓԲԸ-ի կողմից համապատասխանաբար մատչելի վարկի եւ/կամ կապիտալ ներդրման տեսքով»,- ասված է հաղորդագրությունում:

Հետաքրքրված ստարտափները ծրագրին կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն եւ այլ փաստաթղթերը՝ ներբեռնելով դրանք «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ի վեբ կայքից եւ ուղարկելով startup@globalcredit.am էլեկտրոնային հասցեին:

Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրն անհրաժեշտ է տրամադրել նաեւ PowerPoint սլայդերի ֆորմատով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է: