Արա Յաղջյանը
10:19 | 04.05.18 | Հարցազրույցներ | exclusive 74850
Ապրիլի 6-ին Հայաստանում մեկնարկեց բջջային էլեկտրոնային թվային ստորագրության կամ Mobile ID-ի (mID) համակարգի փորձնական գործարկումը:
Համակարգը ներդրվում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի (ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի), «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի եւ բջջային օպերատորների ջանքերով: Այն գործիք է՝ անձը նույնականացնելու եւ ցանկացած էլեկտրոնային փաստաթղթեր առցանց ստորագրելու համար:
Itel.am-ը ներդրվող համակարգի մանրամասների շուրջ զրուցել է «Նիկիտա Մոբայլ» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանի հետ:
- Պրն Յաղջյան, կխնդրեի սպառողի տեսանկյունից ներկայացնել Mobile ID-ն օգտագործելու քայլերի հերթականությունը: Կոնկրետ ի՞նչ գործարքներ կարելի է իրականացնել համակարգի միջոցով:
- Mobile ID-ն նույնականացման գործիք է, պարզապես առցանց տիրույթում: Եթե մարդն ունի նույնականացման քարտ, այսպես կոչված՝ e-ID եւ դրա միջոցով մուտք է գործում պետական կամ այլ առցանց հարթակներ, որի համար նրան հարկավոր է card reader, ապա Mobile ID-ն այդ ամենի ավելի հեշտ եւ պարզեցված տարբերակն է:
Mobile ID-ից օգտվելու համար սպառողն առաջին հերթին պետք է իր բջջային կապի օպերատորին տեղեկացնի, որ ցանկանում է դառնալ Mobile ID-ի օգտատեր: Եթե բջջային կապի օպերատորը մատուցում է տվյալ ծառայությունը, ապա փոխում է բաժանորդի SIM քարտը (հեռախոսահամարը նույնն է մնում) եւ տրամադրում է նոր SIM քարտ՝ USIM, որի մեջ արդեն ներկառուցված է լինում Mobile ID հավելվածը: Տվյալ Mobile ID բաժանորդը ստանում է նոր սերտիֆիկատներ, որոնք կապվում են առկա e-ID քարտին:
Հաջորդ քայլով բաժանորդը պետք է ակտիվացնի այդ ծառայությունը: Դա կարող է արվել ինչպես օպերատորի գրասենյակում, այնպես էլ՝ առցանց, օրինակ՝ տանից: Դրանից հետո, որոշակի հրահանգներ կատարելուց հետո, ծառայությունը կակտիվանա: Այնպես որ, որոշ գործողություններ օնլայն տիրույթում բաժանորդը կկարողանա կատարել իր հեռախոսի միջոցով: Այլեւս card reader-ի եւ նույնականացման քարտի անհրաժեշտություն առցանց տիրույթում գործողություններ կատարելու ժամանակ չի առաջանա:
Mobile ID-ի միջոցով հնարավոր է իրականացնել երկու տեսակի գործարքներ՝ ստորագրել եւ նույնականացվել:
Լուրջ ուշադրություն ենք դարձնում անվտանգությանը: Գործընթացն անցնում է 28 տարբեր ցիկլերով, եւ յուրաքանչյուր ցիկլ պաշտպանության առանձին մեթոդ ունի: Գործընթացը տեւում է մոտ 40 վայրկյան, հետագայում այդ ժամանակն ավելի կկրճատվի:
Համակարգի վրա մեր կողմից 10 հոգի է աշխատում, կան նաեւ ներգրավված մարդիկ, քանի որ առկա են տեխնիկական բարդ խնդիրներ: Ավելի քան 5 սերվեր ենք տեղադրել ԷԿԵՆԳ-ի դատակենտրոնում, որպեսզի լոկալ տեղեկատվությունը հնարավորինս ընթանա լոկալ ցանցերով՝ ինտերնետի տիրույթից դուրս:
- Ինչպե՞ս է ընթանում թեստավորման փուլը, ե՞րբ է ակնկալվում ավարտը եւ ե՞րբ կմեկնարկի զանգվածային կիրառությունը:
-Ապրիլի 6-ին սկսվեց թեստավորման փուլը: Քանի որ հանդիսանում ենք նաեւ անձնական տվյալների մշակող, պետք է լավ թեստավորենք բոլոր գործընթացները, մասնավորապես՝ իրականացնենք ստորագրության տարբեր մեթոդների փորձարկումները: Ներկայում թեստավորում ենք Ucom-ի եւ Beeline-ի քարտերը: USIM քարտերն օպերատորները նախօրոք են պատվիրել, դրանց Հայաստան բերելու պրոցեսը տեւում է 1-2 ամիս:
Զուգահեռ պետք է բանակցենք ոչ միայն պետական, այլեւ ֆինանսական սեկտորի հետ, մասնավորապես՝ բանկերի եւ վարկային ընկերությունների հետ: Շատ բանկեր հետաքրքրված են, նույնիսկ թեստային փուլին մասնակցությամբ: Պայմանագրերն ենք պատրաստում, որպեսզի ուղարկենք բոլոր կողմերին:
Այս պահին երկու պետական սերվիս պրովայդեր՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչպես նաեւ 2-3 մասնավոր ընկերություն թեստավորում են համակարգը: Թեստավորման շրջանում օգտագործողների քանակը շուրջ 30 է: Մոտ մեկ ամիս հետո կսկսենք զանգվածային օգտագործումը՝ գոնե մեկ օպերատորի միջոցով:
Բիզնես մոդելը դեռ չենք որոշել, թե արդյոք սպառողի համար քարտը փոխելը USIM-ով կլինի վճարովի, թե ոչ: Հնարավոր է՝ որոշակի գումար գանձվի: Ներկայումս բիզնես մոդելի վրա ենք աշխատում՝ հնարավոր է, որ ծառայությունը գործի բաժանորդային վարձով:
- Ո՞րն է «Նիկիտա Մոբայլ»-ի դերն այս գործընթացում: Ինչո՞ւ ԷԿԵՆԳ-ը չի կարող ուղիղ պայմանագրեր կնքել կապի օպերատորների հետ:
- Ծրագրում ներդրումն ամբողջությամբ կատարվում է «Նիկիտա Մոբայլ» ընկերության կողմից: Ուսումնասիրել ենք 2-3 երկրի փորձ եւ ընտրել ենք ֆիննական լուծումը, որը 10 տարուց ավել է, ինչ գործում է Ֆինլանդիայում եւ արդեն ներդրված է 8 երկրում: Այն լոկալիզացրել ենք Հայաստանի համար: Լուծումը համապատասխանում է անվտանգության բոլոր կետերին եւ ավելի մատչելի է:
Սա ռիսկային ներդրում է, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր երկիրը եւս հայտնվի այն երկրների շարքում, որոնք մատուցում են նմանատիպ ծառայություն:
Պետությունը հրավիրել էր բոլոր այն իրավաբանական անձանց, որոնք ցանկանում էին դառնալ Mobile ID օպերատոր, ներդնել համապատասխան գումար եւ այդ ծառայությունը մատուցել: Քանի որ «Նիկիտա Մոբայլ»-ը 10 տարի շարունակ մատուցում է VAS (Value Added Services - բջջային օպերատորների ցանցերի միջոցով լրացուցիչ ծառայություններ մատուցող ընկերություններ) ծառայություներ՝ մոբայլ օպերատորների եւ ոլորտի այլ խաղացողների համար, մենք պատրաստ էինք նմանատիպ ծառայություն մատուցելուն, ունենք համապատասխան պատրաստված թիմ, փորձ, տեխնիկական որոշ լուծումներ:
Ինչ վերաբերում է ԷԿԵՆԳ-ին, ապա այն հավաստագրման կենտրոն է՝ ճանաչված պետության կողմից: Մոբայլ օպերատորները հանդիսանում են հեռահաղորդակցության ծառայությունների օպերատորներ, որոնք պարզապես մի կետից մյուսն են փոխանցում համապատասխան բովանդակությունը: Մենք ծառայություն մատուցող ենք եւ դա անում ենք՝ օգտագործելով բոլոր օղակները:
Ցանկացած ընկերություն, եթե գումար ներդներ, կարող էր դա անել առանց մեզ, սակայն այս դեպքում գումարը մենք ենք ներդրել:
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն օրերս հայտարարեց, որ Mobile ID-ի ներդրման աշխատանքները կավարտի առաջիկա ամիսներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ որոշումը:
- Մենք մեր հարթակն այնպես ենք կառուցել, որ օպերատորներից ցանկացածը, կարող է շատ արագ միանալ մեզ: Ներկայում, թե ապագայում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ կարող ենք միանալ առանց որեւէ սահմանափակման: Կարծում եմ, որ սա այն ծառայությունն է, որում օպերատորները չպետք է մրցակցեն: Սա պետք է հասանելի լինի բոլոր օպերատորների բաժանորդներին:
Եթե ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանա, կարող է այս ծառայությունը մատուցել զուգահեռ մեր ծառայությանը, մենք ամեն դեպքում կաջակցենք նրան, եթե դրա կարիքը լինի՝ կապ չունի, մեզ հետ է, թե՝ ոչ:
- Դուք նշել էիք, որ ձեր հաշվարկներով՝ 2-3 տարվա ընթացքում Հայաստանում 50 հազ. բաժանորդ կօգտագործի Mobile ID ծառայությունը: Ի՞նչն է հիմք տալիս նման նախնական հաշվարկների համար:
- Եթե բանկերը եւ ընդհանրապես մասնավոր սեկտորը, անցնեն այս ծառայությանը, ապա շատ մեծ թվով մարդիկ կդառնան Mobile ID օգտատեր: 30-50 հազ. օգտատեր ունենալու դեպքում՝ մեր ներդրումներն արդեն կսկսեն հետ գալ:
Թիրախում այս պահին բիզնեսներն են, որոնք օգտագործում են ստորագրությունը, օրինակ՝ Հարկային ծառայության հետ հարաբերություններում: Այդ խավը Հայաստանում՝ տնօրեններ, հաշվապահներ, իրավաբաններ, որոնք օգտագործում են նման մեխանիզմներ, մարդիկ, որոնք օնլայն բանքինգից են օգտվում:
- Եթե համեմատենք տարածաշրջանի երկրների հետ, Mobile ID համակարգ ներդնելու փորձն այլ երկրներում կիրառվո՞ւմ է:
- Որքանով տեղյակ եմ, Վրաստանում նոր են ներդնում, Ադրբեջանում, Թուրքիայում արդեն ներդրված է: Ուկրաինայում թեստավորման փուլում են, ինչպես մենք: Ռուսաստանում մեկ օպերատորով թեստային փուլում է:
Այս ծառայությունը հատկապես Եվրոպայում է շատ տարածված: Իրականում մենք շատ ենք ուշացել: 2011-ից այս ծառայությունը մատուցելու գաղափարը կար: Պետք է այն 4-5 տարի առաջ արդեն ներդրվեր: Ուղղակի սկզբում պետք է ներդրվեր e-ID-ն եւ հետո նոր՝ Mobile ID-ն:
Արա Յաղջյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը