«Մայքրոսոֆթ»-ը պատրաստ է աջակցելու Հայաստանին՝ թվային օրակարգի իրականացման եւ այդ բնագավառում իր հարուստ փորձն ու կարողությունները փոխանցելու գործում:
Այս մասին հայտարարել է Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձեւավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Կարեն Կարապետյանը կարեւորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը:
Ռոնալդ Բինկոֆսկին էլ ներկայացրել է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում թվային համակարգի զարգացման, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ավելացման, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման ուղղությամբ տարբեր առաջարկություններ: