17:23 | 20.03.18 | Նորություններ | 23222

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն այցելել է «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոն ու բաց դաս անցկացրել:

Ռալֆ Յիրիկյանը լսարանին ներկայացրել է իր կյանքի անցած ճանապարհն ու խոսել հեռահաղորդակցության ոլորտում կատարած առաջին քայլերի ու հանդիպած դժվարությունների մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաեւ անդրադարձել է ընկերության հաջողության պատմությանը:

«Նպատակները պետք է լինեն հստակ, իսկ ակնկալած արդյունքները՝ չափելի: Այդուհանդերձ պետք է պատրաստ լինել նաեւ նրան, որ ներդրված ջանքերը գուցե եւ ամենասկզբում հաջողությամբ չպսակվեն: Սակայն պետք է գիտակցել, որ ձեռք բերված հմտություններն ու փորձառությունը մեծ հարստություն են՝ դրանց ճիշտ կիրառման եւ անձնական աշխատանքի դեպքում: Ցանկացած իրավիճակում պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա եւ չհանձնվել անգամ ակնկալած արդյունքը չստանալու դեպքում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Եթե օրերից մի օր որոշեք լքել Հայաստանը՝ ուսում ստանալու կամ աշխատելու նպատակով, անպայման վերադարձեք՝ ձեր գիտելիքներն ու փորձը ուղղելով մեր երկրի տնտեսության զարգացմանը: Մենք պարտական ենք մեր նախնիներին ու հերոսներին՝ հայրենիք ունենալու համար: Մենք պետք է ապրենք մեր հողում, շենացնենք այն ու սերունդներ դաստիարակենք այստեղ»,- հավելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«Թամարաքս»-ը հիմնադրվել է ամերիկահայ Թամար-Արաքս Բարդակջյանի կողմից: Կենտրոնն առաջարկում է լեզուների ծրագրեր, ուսուցում եւ լեզվի իմացության գնահատում՝ մեծահասակների եւ փոքրերի համար: Կենտրոնում գործում են նաեւ երաժշտական դասընթացներ` ջութակի, դաշնամուրի եւ սոլֆեջիոյի: