12:16 | 20.03.18 | Նորություններ | 6127

    Uber-ի ինքնավար ավտոմեքենան մահվան ելքով վրաերթի պատճառ է դարձել

    Uber-ը դադարեցրել է ինքնավար ավտոմեքենաների թեստավորումը այն բանից հետո, երբ երեկ Արիզոնայում ավտոմեքենաներից մեկը մահվան ելքով վրաերթի է ենթարկել 49-ամյա կին հետոտնին:

    Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ինքնավար ավտոմեքենան դառնում է մահվան ելքով վրաերթի պատճառ: TechCrunch-ը նշում է, որ վրաերթը կարող է մեծ ազդեցություն ունենալ ինքնակառավարվող ավտոմեքենաների ապագայի վրա:


    Uber-ը թեստավորումն իրականացնում էր Սան Ֆրանցիսկոյում, Ֆենիքսում, Փիթսբուրգում եւ Տորոնտոյում:
     
    Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, վթարի պահին ավտոմեքենայում վարորդ է եղել, որը պետք է արտակարգ իրավիճակներում ստանձներ մեքենայի կառավարումը: Մեքենայում ուղեւորներ չեն եղել:

    Սա առաջին դեպքը չէ երբ Uber-ի ինքնավար ավտոմեքենաները ավտովթարի պատճառ են դառնում: 2017թ. մարտին Արիզոնայում ինքնակառավարվող ավտոմեքենան ավտովթարի էր ենթարկվել, սակայն այդ ժամանակ ամեն ինչ ավարտվել էր առանց զոհերի:

    2016թ. գարնանն էլ Ֆլորիդայում Tesla Model S-ը ավտոպիլոտի ռեժիմում հարվածել էր բեռնատարին, որի հետեւանքով Tesla-ի վարորդը մահացել էր: ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի գնահատմամբ՝ Tesla-ն թույլատրելիից բարձր արագությամբ էր ընթացել: