09:44 | 05.03.18 | Նորություններ | 9625

Աշակերտները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կազմակերպել բաց դռների օրեր՝ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար:

Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպմամբ:

Աշակերտները այցելել էին ՎիվաՍել-ՄՏՍ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և հեռահաղորդակցության ոլորտի ներկային ու պատմությանը:

Պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր բաժիններ, ծանոթացել զանգերի կենտրոնի աշխատանքային գործընթացին, հյուրընկալվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում:

Այցը եզրափակվել է Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպմամբ: Հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երիտասարդներին ներկայացրել է բջջային կապի ոլորտում առկա զարգացումներն ու հեռանկարները:

«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր դռները մշտապես բաց է պահում այն երիտասարդների առջև, ովքեր ցանկություն ունեն զարգանալու, սովորելու և հաջողությունների հասնելու: Նման անմիջական հանդիպումներն ու զրույցները դպրոցականներին հնարավորություն են տալիս տեղեկանալու իրենց հետաքրքրող մասնագիտությունների վերաբերյալ, ինչն էլ օգնում է հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Ուրախ եմ, որ մեր երիտասարդներին կարողանում ենք ներկայացնել տարիների ընթացքում կուտակած մեր փորձն ու կորպորատիվ կառավարման մշակույթը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: