11:20 | 05.02.18 | Նորություններ | 28581

FAST-ը ՀՀ-ում հրեշտակ ներդրողների ցանց է գործարկել

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում  ներդրողների ոչ ֆորմալ ցանց (Science and Technology Angels Network - STAN) է ստեղծվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հրեշտակների ցանցը» հայտարարել է իր աշխատանքների մեկնարկի մասին: Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ եւ ձեռնարկատերեր Հայաստանից եւ արտերկրից, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայաստանյան ստարտափերին, այլեւ կցուցաբերեն խորհրդատվական օժանդակություն, հանդես կգան որպես մենթորներ եւ կուղղորդեն անհրաժեշտ կապերի հաստատման հարցում:

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ասել է, որ ուրախ են ստեղված էկոհամակարգի՝ այս նախաձեռնությամբ համալրմանը եւ FAST-ը աջակցելու է այն մարդկանց, ովքեր կստեղծեն մեխանիզմներ, որոնք կաջակցեն Հայաստանում գիտական եւ ձեռնարկատիրական համայնքներին:

FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանն հավելել է, որ նմանատիպ նախաձեռնությունները կարեւոր են, քանի որ դրանք կարող են կոնկրետ խնդիրներ լուծել էկոհամակարգի համար եւ կզարգացնեն թե՛ բիզնես ակտիվությունը, թե գիտությունը՝ ներուժ տալով գիտական ստարտափերին:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այդ բիզնեսները եկած լինեն գիտությունից, որպեսզի ներդրվելիք գումարները ուղղվեն գիտությանը եւ գիտնականը, ով որեւէ հայտնագործություն է արել, կարողանա գնալ առեւտրայնացման եւ դուրս գալ գլոբալ շուկա: Մենք նպատակ ունենք կապեր կառուցել բիզնեսի եւ գիտության միջեւ» - ասել է նա:

Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Իգոր Խալաթյանն ասել է, որ նպատակ ունեն ստեղծել մթնոլորտ, որտեղ գաղափարներ ունեցող ձեռնարկատերը կկարողանա գտնել ֆինանսավորում դրա համար.

«Մենք կարող ենք ոչ միայն ֆինանսներով օգնել, այլեւ մեր փորձառությամբ եւ գիտելիքներով: 18 ներդրողները, ովքեր անդամակցում են ցանցին, բազմաբնույթ եւ հարուստ փորձառություն ունեն իրենց ոլորտներում», - ասել է նա:

«Մենք սովորական «հրեշտակներ» չենք: «Բիզնես հրեշտակներն» իրենց ներդրումներն անում են ընկերության վաղ զարգացման փուլերում, երբ ձեռնարկատերն արդեն սկսել է իրականացնել իր գաղափարը եւ եկել է պահը, երբ հավելյալ ֆինանսավորման կարիք կա: Մենք շեշտադրումը ոչ թե քանակի, այլ որակի վրա ենք անելու, առաջին հերթին ուշադրություն կդարձնենք գիտատեխնիկական հիմքին եւ զարգացման հեռանկարների առկայությանը՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ գլոբալ աշխարհում: Մենք ոչ միայն գումարներ ենք տալու, այլեւ մեր ժամանակը, գիտելիքները, փորձը»,- ասել է Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանը:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը ցանցի յուրաքանչյուր անդամի համար կազմում է $10 000, հինգերորդ տարուց սկսած՝ $20 000: