Նիք Սպանոս
16:33 | 25.01.18 | Նորություններ | 53024
Բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երեւանում է:
Նա 2013-ին Նյու Յորքում հիմնել է Բիթքոին կենտրոնը՝ որպես բիթքոինի ֆիզիկական փոխանակման առաջին հաստատություն, որը տեղակայված է անմիջապես Նյու Յորքի ֆոնդային բորսայի հարեւանությամբ: Նա նաեւ նկարահանվել է «Բենքինգը բիթքոինով»:
Վերջին ամիսների ընթացքում Նիք Սպանոսն առաջարկել է կառավարություններին ընդունել կրիպտոարժույթը եւ կիրառել բլոքչեյնը՝ վերածվելու տարածաշրջանային եւ միջազգային տեխնիկական կենտրոնների:
Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաեւ Facebook-ի նախկին գիտաշխատող, Zap.org-ի առաջատար գիտնական Համդան Ազարը, Nordic Blockchain Association-ի հիմնադիր եւ Կոպենհագենի Բիզնես դպրոցի դասախոս Փեթր Միքքելսնը, հունվարի 24-ին Երեւանում հանդիպել է լրագրողների հետ:
Banks.am-ը ներկայացնում է բանախոսների ուշագրավ մտքերը:
Նիք Սպանոս
Եկել ենք Հայաստան բոլորին պատմելու, թե ինչ հիանալի տեխնոլոգիաներ են բիթքոինն ու բլոքչեյնը, թե ինչպես ստեղծել աշխատատեղեր Հայաստանում եւ ինչպես երկիրը առաջատար դարձնել այս հիանալի ժամանակաշրջանում:
Մենք տեսնում ենք հիանալի «ուղեղներ» Հայաստանում, որոնք, մյուս երկրների համեմատ, ավելի շատ են ինտեգրված այս նոր տեխնոլոգիային:
Նախօրեին լանչի էինք բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ. նրանցից մեկը փոքր բիզնես ունի, որի միջոցով ապրանքներ է ուղարկում արտերկիր: Նա կարողանում է գումար ուղարկել PayPal-ով, բայց չի կարողանում գումար ստանալ այդ նույն համակարգով: Բարդ է բիզնես վարել եւ փող բերել երկիր, եթե բառիս բուն իմաստով չես կարող արտերկրից գումար ստանալ:
Իսկ կրիպտոարժույթները, մասնավորապես՝ բիթքոինը, սահմաններ չեն ճանաչում եւ կարող են օգնել ոչ միայն հսկայական ընկերություններին, այլեւ սովորական մարդկանց: Այն «հավասարը՝ հավասարին» (peer-to-peer) տեխնոլոգիա է՝ առանց երրորդ կողմի միջնորդության:
Բիթքոինը չի կարող մրցել կանխիկ գումարի հետ, քանի որ կանխիկը «փողերի լվացման արքա է»: Իսկ բիթքոինը բավական թափանցիկ է, կարող ես հետ նայել եւ տեսնել աշխարհում ցանկացած բիթքոին գործարք՝ սկսած ամենաառաջինից:
Ես, օրինակ, չեմ վախենում, որ երկարաժամկետ հեռանկարում բիթքոինը կարժեզրկվի, քանի որ աշխարհում գոյություն ունի ընդամենը 21 միլիոն բիթքոին:
Մենք Հայաստանում արդեն հանդիպել ենք ԿԲ ներկայացուցիչների հետ, եւ նրանք ակտիվորեն ներգրավված են նոր տեխնոլոգիայի ըմբռնման գործընթացում:
2011, 2012, 2013 թվականներին մենք բիթքոինով գործարքներ էինք իրականացնում այգիներում, սրճարաններում եւ այո, այդ ամենը գաղտնի էինք անում: Մեդիան եւս չէր հասկանում բիթքոինի դրական կողմերը, եւ միայն բացասական տեսանկյունից էր լուսաբանում:
Բիթքոինի հիմնադիր Սատոշի Նակամոտոն ստեղծել է ձեւ, որով բոլորը կարող են վստահ լինել, որ այդ համակարգով իրականացվող գործարքներն ու տեղեկատվությունն ապացուցված են եւ ստույգ: Բիթքոինն արժույթ չէ, սակայն կարող է գործել ինչպես արժույթ՝ շատ ավելի լավ, քան ցանկացած արժույթ:
Իմ առաջին գործարքը բիթքոինով առանց գումարի է եղել: Այդ ժամանակ բիթքոինը դեռ անվճար էր: Ժամանակի ընթացքում մարդկանց ավելի շատ խմբեր ի հայտ եկան, որոնք հավատում էին, որ արժույթները պետք է միմյանց հետ մրցակցեն:
Բիթքոինը փոփոխություն է, եւ այդ փոփոխությունն արդեն այստեղ է: Կարելի է ասել, որ պատմության մեջ առաջին անգամ է, երբ մարդիկ կարող են վստահել մի մեխանիզմի, որտեղ բացակայում է երրորդ կողմը:
Համդան Ազար
Հիշում եմ 2013թ., երբ Նիք Սպանոսն առաջին անգամ ինձ պատմեց բիթքոինի մասին, շատ քչերը գիտեին, թե դա ինչ է: Մեդիան ասում էր, որ բիքթոինը միայն թմրադեղ վաճառողների եւ հանցագործների համար է: Նիքը ստեղծեց Բիթքոին կենտրոնը Նյու Յորքում, որն առաջին ֆիզիկապես գոյություն ունեցող վայրն էր, որտեղ կարելի է սովորել բիթքոինի մասին, ստեղծել բիթքոին եւ այն փոխարկել: Վերջին տարիներին կենտրոնը տասնյակհազարավոր այցելուներ է ունեցել:
Այսօր արդեն հայտնի համալսարանները հետազոտում են այդ ֆենոմենը, մարդիկ թեզեր են պաշտպանում բիթքոինի եւ բլոքչեյնի մասին, անգամ JPMorgan-ի թրեյդերներն են ուսումնասիրում բիթքոինը:
Հայաստանում մենք հանդիպում ենք բլոքչեյնի եւ բիթքոինի հետ առնչվող մարդկանց հետ, ծանոթանում նրանց փորձին:
Երբ կառավարությունն անսահմանափակ թղթադրամ է արտադրում, գնում է այն ռիսկին, որ այդ փողը կարող է մեկ գիշերվա ընթացքում արժեզրկվել: Օրինակ, եթե Վենեսուելայում 111 000 բոլիվարով 10 տարի առաջ կարելի էր տուն առնել, ապա այսօր կարող ես միայն զուգարանի թուղթ գնել:
Բիթքոինի յուրօրինակությունն այն է, որ գոյություն ունի սահմանափակում՝ աշխարհում կարող է լինել առավելագույնը 21 մլն բիթքոին, եւ որեւէ կառավարություն կամ անհատ դա չի կարող փոխել:
Փեթր Միքքելսն
Դուք կարող եք կողմ կամ դեմ լինել բիթքոինին, բայց չեք կարող ժխտել, որ այն աշխատում է: Նույնիսկ մենք՝ ոլորտում գտնվողներս, նման աճ չէինք սպասում:
Ապշեցնում է նաեւ ներդրումների, աշխատատեղերի եւ ընկերությունների քանակը, որոնք շարժվում են այս ուղղությամբ:
Նարինե Դանեղյան