16:14 | 11.12.17 | Նորություններ | 19672
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն օրերս այցելել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին:
Հակառակորդի անմիջական նշանառության տակ գտնվող միջնակարգ դպրոցում Ucom-ի աջակցությամբ լաբորատորիան բացվել է շուրջ երկու տարի առաջ:
«Եթե երկու տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներների ու ծրագրավորողների պարապմունքներն անցնում էին լարված հոգեբանական իրավիճակում, ապա հիմա դպրոցի շենքը պաշտպանված է երեք մետր բարձրություն ունեցող պատով: Պատի առկայությունը որոշակի չափով թույլ է տվել երեխաներին կենտրոնանալ ուսման վրա, սակայն ամենօրյա վտանգի պայմաններում նրանք դեռ հստակ չեն պատկերացնում, թե դպրոցական գիտելիքն ինչպես կկիրառեն ապագայում»,- ասված է հաղորդագրությունում:
«Գյուղն ունի 400 բնակիչ, որից 79-ը հենց այս դպրոցի աշակերտներն են: Դպրոցի շուրջ կառուցված այս պաշտպանական պատն է նրանց ուսման գործընթացի երաշխավորը: Պարզ է, որ այսպիսի պայմաններում դպրոցը պետք է լինի ավելի, քան ուղղակի դպրոց: Այն պետք է կապ ստեղծի այս երեխաների ու աշխարհի միջեւ, ընդլայնի նրանց աշխարհայացքը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխարհը բացահայտելու համար ոչ թե երեխաները լքեն իրենց բնակավայրը, այլ աշխարհն՝ իր ողջ գիտելիքով, բարդություններով ու հնարավորություններով գա գյուղ: Սա հնարավոր է անել թե՛ մեր աշխատակիցների աջակցությամբ, թե՛ ինտերնետի միջոցով»,- ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Ես երազում եմ օգնել հայ զինվորին: Իսկ ռոբոտաշինությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է, օրինակ, անօդաչու թռչող սարք պատրաստել ու դրանով օգնել սահմանի զինվորներին», - իր երազանքներով կիսվել է Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Ռազմիկ Ադամյանը:
«Ես բժշկուհի եմ դառնալու, բայց վստահ եմ, որ ռոբոտաշինության դասերից ստացված գիտելիքը կարող եմ ապագայում կիրառել այնպիսի սարքավորումներ ստեղծելու համար, որոնք կօգնեն փրկել մարդկանց կյանքը»,- նշել է Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Նունե Ավագյանը:
Ucom-ը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: