Հայաստանի օգտատերերի 0,89%-ի սարքերը 2017թ. հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։
Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Գլոբալ հետազոտությունների եւ վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է հունվարին, երբ գրանցվել է վարակման 121 հազ. 473 փորձ: Փետրվարին այդ ցուցանիշը կրճատվել է մինչեւ 105 հազ. 798-ի, իսկ մարտին՝ մինչեւ 103 հազ. 290-ի։
Տվյալները ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
Հայաստանի օգտատերերին գրոհած բանկային վնասաբեր ծրագրերի շրջանում առաջատարն է ZeuS (կամ Zbot) տրոյական ծրագրերի ընտանիքը, որին բաժին է հասել վարակման փորձերի 45,93%-ը։ Դրան հետեւում է Nymaim շորթող-բանկային տրոյական ծրագրերի ընտանիքը՝ 29,70%։ Մնացած վնասաբեր ծրագրերի (հիմնականում՝ տրոյական) բաժինը 3,5%-ից փոքր է։
«Հայաստանի բանկերը եւ օգտատերերին գրոհում են նույն վնասաբեր ծրագրերը, որոնց կիբերհանցագործները կիրառում են ամբողջ աշխարհում։ Դրանցից պաշտպանվելու ամենագործուն եղանակներն են իրեն լավ դրսեւորած հակավիրուսային ծրագրի կիրառումը, ուշադրությունը եւ զգոնությունը։ Հարկ է չբացել կասկածելի էլեկտրոնային նամակները (անծանոթ եւ անվստահելի հասցեատերերից եկած) եւ դրանց կցված նիշքերը (file), ինչը հղի է սարք վնասաբեր բանկային ծրագրերի ներբեռնումով։ Նաեւ հարկ է չայցելել կայքեր, որոնց հղումները տարածվում են էլեկտրոնային նամակների միջոցով, քանի որ. չարագործները բանկերի կամ առցանց-խանութների օրինական հասցեների աննշան փոփոխություններով՝ օգտատերերին ուղղորդում են ֆիշինգային կեղծ կայքեր։ Նույնը վերաբերում է օգտատերերի շարժական սարքերին ստացվող SMS-հաղորդագրություններին»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Kaspersky GREAT-ի փորձագետները նաեւ պարզել են, որ Հայաստանի կազմակերպությունները 2017թ. առաջին կիսամյակում չեն խուսափել միջազգային կիբերխմբավորումների թիրախային բարդ գրոհներից։ Տասնմեկ կազմակերպություն ստիպված է եղել դիմակայել Carbanak խմբավորման գրոհներին, եւս մեկ կազմակերպություն հայտնվել է Sofacy խմբավորման (հայտնի է նաեւ որպես Fancy Bear, Sednit, STRONTIUM եւ APT28) կիբերհանցագործների թիրախում: