Գործարկվել է Imusic.am-ի մոբայլ տարբերակը, իսկ երաժշտական հարթակը համալրվել է նոր գործառույթներով:
Թիմը ներկայում աշխատում է արհեստական բանականությամբ օժտված լուծումների ներդրման ուղղությամբ:
Itel.am-ի հետ զրույցում Imusic.am-ի հիմնադիր Լեւոն Նաղաշյանը նշել է, որ այս տարվա իրենց ամենամեծ ձեռքբերումը iOS եւ Android հավելվածների ստեղծումն է, որոնցում հասանելի են հարթակի բոլոր գործառույթները:
«Տեղեկանալով բազմաթիվ օգտատերերի՝ այլ օգտատերերին հետեւելու մասին ցանկությանը, կայքում ավելացրել ենք «հետեւել» գործառույթը: Այն հնարավորություն է տալիս լսել այլ օգտատերերի նախընտրած ալբոմները, ծանոթանալ մյուսների սիրելի արտիստներին ու երգացանկերին»,- նշել է նա:
Imusic.am-ը ներկայում ունի 4 ռադիո՝ ջամմին, դասական, էթնիկ եւ ֆյուժն, որոնցից յուրաքանչյուրը տվյալ ժանրին համապատասխան թեմատիկ երաժշտություն է առաջարկում՝ հաշվի առնելով օրվա ժամանակահատվածը։
Լեւոն Նաղաշյանի խոսքով՝ թարմացվել է նաեւ հարթակի «նախընտրել» գործառույթը։ Այժմ օգտատերերը կարող են իրենց նախընտրությունների ցուցակը համալրել այլ օգտատերերի հանրային երգացանկերով։
Imusic.am-ի հիմնադրի խոսքով՝ իրենց թիմն այժմ աշխատում է երկու կարեւոր գործառույթների վրա։
Առաջին գործառույթն ամբողջովին արհեստական բանականության լուծումների վրա հիմնված երաժշտական առաջարկների ինովացիոն գեներացումն է: Երկրորդ գործառույթը մելոման ակումբն է, որը ներկայացնելու է երաժշտական համայնք բոլոր երաժշտասերների համար։
Նարինե Դանեղյան