Նախօրեին հայտարարվել են Երեւանի քաղաքապետարանում կայացած «Խելացի քաղաք» հաքաթոնի հաղթողները:
Հաքաթոնին մասնակցել է 16 թիմ, հաղթել են 3-ը:
Առաջին մրցանակին (մինչեւ $5000՝ ծրագրի իրականացման համար) արժանացել է Oorban թիմը, որն առաջարկել է համատիրությունների էլեկտրոնային կառավարման համակարգ: Այն հնարավորություն կտա բնակիչներին հետեւել իրենց վճարների օգտագործմանը, ինչպես նաեւ բարձրաձայնել շենքի կառավարման վերաբերյալ խնդիրները:
Երկրորդ մրցանակը (մինչեւ $4000՝ ծրագրի իրականացման համար) հանձնվել է աղբահանության խելացի կազմակերպում նախագծին: Datathon թիմը, աշխատելով աղբատար մեքենաների ուղեգծերի եւ աղբամանների տեղադրման վերաբերյալ տվյալների հետ, մշակել է մոդել, որը կօգնի առավել արդյունավետ կազմակերպել աղբատար մեքենաների ուղեգծերի կազմումը եւ աղբամանների առավել նպատակահարմար դասավորությունը:
Երրորդ մրցանակը (մինչեւ $3000՝ ծրագրի իրականացման համար) շնորհվել է Smart Space թիմին, որը մշակել է Երեւանի համայնքներում կենսամակարդակի մոնիտորինգի գործիք: Այն օգտագործում է տվյալներ ինչպես բնակֆոնդի, աղբահանության, այնպես էլ այլ ոլորտներից, եւ քարտեզագրում քաղաքում առավել աղտոտված կամ նպաստավոր հատվածները:
Ընտրված գաղափարները կանցնեն «Կոլբա լաբի» ինկուբացիայի փուլը եւ կստանան նախնական ներդրում՝ ծրագրի իրականացման համար:
Երեւանի քաղաքապետարանում կայացած հաքաթոնը կազմակերպվել էր «Կոլբա լաբի» կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: