12:05 | 23.10.17 | Նորություններ | 23641
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ հանրապետության բոլոր մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում:
Այժմ ծրագիրն ընթանում է Շիրակի մարզում: Արթիկում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, իսկ մարզի դպրոցներում՝ ակնային զննումները եւ աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը:
«Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում այս ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտապես ոգեշնչվել ենք հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերից: Ucom-ը որպես ծրագրի աջակից խիստ կարեւորում է այն, որ սոցիալապես խոցելի անձինք հնարավորություն ունեն անվճար օգտվելու ակնաբուժական ժամանակակից ծառայություններից եւ արդյունքում՝ վերականգնելու իրենց աչքի լույսը»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Գյումրի այցելությամբ ավարտվել է նաեւ Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շաբաթյակը: Վերջինի ընթացքում հանրապետության մի շարք դպրոցներում բաժանվել է «Ucom» Հիմնադրամի հետ իրականացվող ծրագրի շրջանակում ՀԱՆ-ի հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական գիրքը: