15:56 | 15.09.17 | Նորություններ | 19482

«Ռոստելեկոմ»-ը նպաստում է Հայաստանում ՏՏ կրթության զարգացմանը

Սեպտեմբերին ուսանողների առջեւ իր դռներն է բացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նոր հիմնանորոգված համակարգչային սրահը։

Այն նորոգվել ու կահավորվել է համալսարանի եւ «Ռոստելեկոմ» Հայաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Այսօր բուհի ուսանողները ոչ միայն կարող են պրակտիկան անցնել «Ռոստելեկոմ»-ի տվյալների կենտրոնում, ծանոթանալ ժամանակակից սերվերային հանգույցներին եւ տեխնոլոգիական լուծումներին, այլեւ բուհում դասերի ընթացքում գործարկել ու կիրառել սարքավորումներ, որոնք հետագայում իրենց աշխատանքի մի մասն են կազմելու։

«Ռոստելեկոմ»-ն ապրիլին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին էր փոխանցել Cisco Systems ցանցային սարքավորումներ:

Ապրիլի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ «Ռոստելեկոմ» Հայաստանի միջեւ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել: Վերջինի շրջանակում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ գործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով եւ նպաստելու մասնագիտական կրթության զարգացմանը հանրապետությունում։