11:06 | 15.09.17 | Նորություններ | 19319

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել է Ծովակ համայնքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում կարգավորել են Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի հիմնական փողոցների լուսավորության հարցը։

Ծրագրի արդյունքում՝ տեղակայվել է 50 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 1800 մետր երկարությամբ տարածք:

Համայնքն ավելի քան 25 տարի արտաքին լուսավորության համակարգ չի ունեցել։

«Այն ճանապարհը, որն ընտրել ենք համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնելու համար, արդարացված է եւ՛ տնտեսական, եւ՛ բնապահպանական, եւ՛ բարոյական տեսանկյունից: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ծրագրով լուծվում է միայն լուսավորության խնդիրը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով կարգավորվում են առավել կարեւոր հարցեր. Էներգախնայողություն, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, սեփական հողն ու երկիրը շենացնելու՝ գյուղացուն փոխանցվող վստահություն: Սա մի ծրագիր է, որի արդյունավետության հաշվարկն սկսվում է լուսավորվելու պահից եւ շարունակվում տարիների ընթացքում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: