12:46 | 18.08.17 | Նորություններ | 7444
Google-ը թեստավորում է Search Lite ծրագիրը՝ նախատեսված դանդաղ ինտերնետ ունեցող զարգացող երկրների օգտագործողների համար:
Android Police պարբերականի փոխանցմամբ՝ Search Lite-ը կունենա նույն հնարավորությունները, ինչ Google-ի սովորական տարբերակը՝ որոնում ձայնի եւ տեքստի միջոցով, թարգմանություններ, լուրերի ընթերցում եւ եղանակի տեսություն:
Ներկայում ծրագիրը հասանելի է միայն Ինդոնեզիայի բնակիչներին, որոնք ունեն Android սարքեր:
Մայիսին կայացած I/O կոնֆերանսի ժամանակ Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել էր, որ աշխատում են Android օգտատերերի թիվը շեշտակի ավելացնելու ուղղությամբ: Դա հնարավոր կլինի անել այն երկրների բնակիչների հաշվին, որտեղ ինտերնետի արագությունը շատ թույլ է, հետեւաբար՝ փոքր է նաեւ սմարթֆոններից օգտվողների թիվը:
Google-ն այս տարվա փետրվարին գործարկել էր YouTube-ի օֆլայն տարբերակը:
Google-ի որոնման համակարգն աշխատում է նաեւ Android-ի թեթեւ տարբերակի՝ Android Go-ի վրա: