ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Zangi ընկերություն եւ ծանոթացել ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին:
Կառավարության ղեկավարը կարեւորել է ՏՏ ոլորտի, մասնավորապես, հայաստանյան ընկերությունների հետեւողական զարգացումը՝ ընդգծելով, որ այս բնագավառը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն ավելացրել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել մասնավոր հատվածի կողմից ոլորտի առաջընթացին միտված առաջարկություններն ու ծրագրերը՝ դրանք կյանքի կոչելու նպատակով:
Zangi-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ եւ օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ: 2016-ից ընկերությունը մտել է զարգացման նոր փուլ, մասնավորապես, ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։ Այժմ Zangi-ն մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծմանը։
Հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն: Zangi-ի կողմից արհեստական բանականության հիման վրա մշակված Antiblocking տեխնոլոգիան թույլ է տալիս գործել մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկրներում։
Հայկական հավելվածն այս տարի ներկայացվել է Բարսելոնայում անցկացված Mobile World Congress-ում եւ այժմ պատրաստվում է մասնակցել Դուբայում եւ Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։