14:53 | 13.07.17 | Նորություններ | 15505

    Findo-ի անձնական օգնականը կհիշեցնի կարեւոր գործերի մասին

    ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի հիմնադրած Findo ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականության հիմքով աշխատող Yva անձնական օգնականը, որն օգտատիրոջ էլեկտրոնային նամակների հիման վրա հիշեցնում է առաջիկա անելիքների մասին:

    Ծառայությունն ավտոմատ ստեղծում է առաջադրանքներ եւ հիշեցումներ՝ օգտատիրոջ էլնամակների բովանդակության հիման վրա: Yva-ից օգտվելու համար հարկավոր է հաղորդագրություն ուղարկել օգնականի էլհասցեին, որն էլ ավելի ուշ կհիշեցնի ժամկետների մասին:  



    VentureBeat-ի փոխանցմամբ՝ Yva-ն համատեղելի է Gmail-ի, Outlook-ի, Exchange Online-ի, Yahoo-ի եւ iCloudMail-ի հետ:

    Yva-ն սքանավորում է տեքստերը եւ հետեւում այն հարցումներին, որոնք օգտատիրոջից որոշակի գործողություններ են ակնկալում: Անձնական օգնականն անելիքների ցուցակը կազմում է դրանց իրականացման ժամկետներին համապատասխան:

    Ներկայում ծառայությունը գտնվում է բետա-թեստավորման փուլում: Կայքում կարելի է թողնել էլփոստի հասցե եւ գրանցվել սպասողների ցուցակում: Ավելի ուշ Yva-ն հասանելի կլինի վեբ տարբերակով, ինչպես նաեւ iOS եւ Android հավելվածների տեսքով:

    Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերին Findo-ն հայտարարեց $7մլն արժողությամբ սաղմնային ներդրումների շրջանը հաջողությամբ փակելու մասին: