12:22 | 13.07.17 | Նորություններ | 7340

Քարվաճառում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ջանքերով եւ շվեյցարահայ բարերար Գագիկ Սարգսյանի աջակցությամբ Արցախի Շահումյան շրջանի Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Քարվաճառի եւ հարակից բնակավայրերի դպրոցականները լաբորատորիայում ստանում են ժամանակակից տեխնոլոգիական կրթություն. սովորում ռոբոտաշինության եւ ծրագրավորման հիմունքներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների եւ միջոցառումների, հանդիպում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին եւ այլն:

Քարվաճառի ինժեներական լաբորատորիան 7-րդն է Արցախում: Ինժեներական լաբորատորիաներ են գործում նաեւ Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Ճարտարում, Բերձորում եւ Վուրգավանում, որտեղ սովորում են ավելի քան 150 դպրոցական:

Հայաստանում արդեն գործում է 210 լաբորատորիա, որտեղ սովորում է շուրջ 5000 դպրոցական: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները գործում են անվճար հիմունքներով:

Քարվաճառի դեռեւս երկու շաբաթ գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներից մի քանիսը մասնակցել են վերջերս Հանքավանում կայացած «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարին: