11:27 | 14.06.17 | Նորություններ | exclusive 9329

«ՀայՄեփ» հարթակը կմիավորի հայ մասնագետներին

Cascade People & Business ընկերությունը հունիսի 9-10 կայացած Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ներկայացրել է «ՀայՄեփ» համահայկական մասնագիտական հարթակի գաղափարը:

Itel.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր եւ բիզնես գործընկեր Արփի Կարապետյանը տեղեկացրել է, որ այն միավորելու է հայ մասնագետներին՝ դառնալով համահայկական մասնագիտական վիրտուալ հարթակ՝ հիմնված 2 չափանիշով ընտրանքի վրա՝ ազգություն եւ մասնագիտություն:
 
Հարթակի ստեղծման նպատակն է՝ ուղղորդել համահայկական մասնագիտական ներուժը դեպի Հայաստան՝ ի նպաստ հայ մասնագետի, հայ բիզնեսի, տնտեսության զարգացման եւ դա իրականացնել փոխշահավետ համագործակցության հիման վրա:

«Հարթակը կոչված է դառնալ մասնագիտական տարբեր ոլորտներում օնլայն շփման եւ փոխշահավետ միջոց` սկսած մասնագետների հավաքագրումից մինչեւ օնլայն դասընթացներ, վիդեո կոնֆերանսներ եւ թրեյնինգներ, կոնսիլիումներ, ֆոկուս խմբեր, չաթեր, առցանց խորհրդատվություն, քոուչինգ, մենթորինգ եւ այլն»,- նշել է Արփի Կարապետյանը:

Թեեւ հարթակի ստեղծման ճանապարհին բազմաթիվ հարցականներ կան, սակայն, Արփի Կարապետյանի խոսքով, որոշել են Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ներկայացնել այն եւ «մտքերի գրոհ» ձեւաչափով դուրս բերել եւ վերլուծել տարբեր կարծիքներ։  

Ներկայում որոշվում են հարթակի գործարկման ժամկետները եւ գործընկերները: