17:27 | 24.05.17 | Նորություններ | 3729
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) եւ «Լեգեոն» փեյնտբոլի ակումբն առաջին անգամ կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջեւ փեյնտբոլի սիրողական մրցաշար:
Մրցաշարը կանցկացվի հունիսի 17-ին եւ 18-ին, Սեւանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնտբոլի ակումբի տարածքում:
Մրցաշարին կարող են մասնակցել միայն ՏՏ ոլորտի ընկերություններ, յուրաքանչյուր թիմում՝ մինչեւ 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղմամբ:
«Փեյնտբոլի առաջնության նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել շփման մտերմիկ եւ ոչ ֆորմալ միջավայր, ինչը շատ դեպքերում հանգեցնում է նորանոր համագործակցությունների»,- նշել է ԳՏԿ բիզնեսի զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ եւ ռազմական մարտավարության վարժանքներ:
«Ուրախ եմ, որ նման միջոցառում է կազմակերպվում մեր երկրում, այն էլ Հայաստանի ինտելեկտուալ հատվածի շրջանակում: Մասնակիցները ոչ միայն կկարողանան շփվել, ծանոթանալ, համագործակցել, այլեւ ձեռք կբերեն ռազմական գիտելիքներ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Խաղացողների հետ կանցկացվի անվտանգության համապատասխան դասընթաց-հրահանգավորում:
Առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա որսորդական զենք, գավաթ եւ պատվոգրեր, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ օդամղիչ զենք, գավաթ, պատվոգրեր: Պարտվողների համար կանցկացվեն կրակային պարապմունքներ: