15:52 | 24.05.17 | Նորություններ | 8449

Հայաստան կժամանեն WITSA-ի նախագահն ու քարտուղարը

Հունիսի 9-10-ը կայանալիք ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում Հայաստան կժամանեն Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահն ու քարտուղարը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Նրա խոսքով՝ բիզնես ֆորումը կազդարարի 2019թ. Երեւանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: 2019թ. համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի շուրջ 2000 գործարար:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարեւորագույն միջոցառումներից է:

«Այն արդյունավետ հարթակ է կառավարության, ՏՏ ոլորտի եւ բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես բիզնես ֆորումի շրջանակում կշարունակվեն ռազմարդյունաբերության վերաբերյալ մասնագիտական քննարկումները»,- նշել է նա:  

Բիզնես ֆորումի օրակարգային թեմաներն են.

-Երեւանում 2019թ. ՏՏ համաշխարհային համաժողովի(WCIT) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկ,     
-ՏՏ լուծումներ` Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով,
-ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով,
-Տեխնոլոգիական ոլորտի եւ ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ եւ ձեւաչափեր,
-Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար,
-Հայմեփ. համահայկական ներուժի ցանց,    
-Վերականգնվող էներգիա եւ բնապահպանություն,
-Պետական համակարգերի կառավարում,
-Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում եւ կիրառումը բիզնեսում:
    
Ֆորումն անցկացվում է 2008-ից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: