11:26 | 10.05.17 | Նորություններ | 45298

Sevan Startup Summit 2017-ի մրցանակային ֆոնդը կկազմի $40 հազ.

Հուլիսի 24-31-ը Սեւանա լճի ափին կայանալիք Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումի մրցանակային ֆոնդը կկազմի $40 հազ.:

Այս մասին հայտարարել է ֆորումի կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանը:

Նա նշել է, որ 2016 թ. հաջողությունները եւ դրական էներգիան պարտավորեցնում են այս տարի ֆորումն անցկացնել մի քանի անգամ ավելի մեծ եւ հագեցած.

«Մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը, որպեսզի այն, ինչ պլանավորում ենք՝ անցկացնենք բարձր մակարդակով։ Այս տարի սամմիթին մասնակցելու է 100-ից ավելի թիմ, որոնցից շուրջ 15-ը ստանալու են մրցանակներ։ Ինչ վերաբերում է ներդրումներին, մասնակցության ուղեգիր ստացած ցանկացած ստարտափ թիմի համար սամմիթը եզակի հարթակ է ներդրումներ գտնելու եւ համագործակցության շրջանակները ընդլայնելու համար»,- նշել է Վահագն Ռափյանը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 1-ից մեկնարկել է Sevan Startup Summit 2017-ի հայտերի ընդունման գործընթացը: Հայտերը լրացնելու վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Մասնակցությունն անվճար է:

Մասնակցելու են 70 ստարտափ թիմեր (seed stage, early stage, business stage), 30 ծրագրավորողների թիմեր, 25 բիզնես թրեյներներ եւ մենթորներ, վենչուրային ներդրող կազմակերպություններ, հրեշտակ ներդրողներ, տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, լրագրողներ։

Sevan Startup Summit-ի ձեւաչափն այս տարի հետեւյալն է.

-    Հուլիսի 24-ից 28-ը ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել աշխարհի տարբեր երկրներից հրավիրված բիզնես թրեյներների:

-    Հուլիսի 25-ից 26-ը Հայաստանում 1-ին անգամ կկազմակերպվի Camp Fire Pitch-ը։ Միջոցառման ընթացքում Business stage ստարտափները փիչերով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հրեշտակ ներդրողների եւ վենչուրային հիմնադրամների առաջ:

-    Հուլիսի 27-ից 28-ը տեղի կունենա Campathon-ը։ Միջոցառման ընթացքում ծրագրավորողների թիմերը մրցելու են իրենց առաջարկած ծրագրային լուծումներով։ Ոլորտային սահմանափակում չկա։

-    Հուլիսի 29-ին Seed stage ստարտափները կմրցեն Idea Battle-ում։

-    Հուլիսի 30-ին Early stage ստարտափները կմրցեն Big Battle-ում։

Sevan Startup Summit 2017-ը կեզրափակվի հուլիսի 30-ի գիշերն անցկացվող ծովափնյա խնջույքով։ Բացի ֆորումի մասնակիցներից, Grand Beach Party-ին կարող են մասնակցել անսահմանափակ քանակությամբ մարդիկ՝ նախապես ձեռք բերելով տոմսեր։