14:56 | 06.05.17 | Նորություններ | 16994

ԱԻՆ-ը եւ Ucom-ը կվերազինեն հակակարկտային կայանները

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը եւ Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանն այսօր ստորագրել են աջակցության վերաբերյալ պայմանագիր:

Դրա համաձայն, Ucom ընկերությունն արդիականացված երկքարտանի մոդեմներ կտրամադրի Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ու գործող բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին:

Դա հնարավորություն կտա կրճատել տեխնիկական թերությունները եւ ապահովագրել համակարգը նախկինում արձանագրված խափանումներից:

Ucom ընկերության 15 մլն դրամի ներդրումը բջջային օպերատորների կապով աշխատող կայաններում այսուհետ կապահովի անխափան աշխատանք:

«Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը:  Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ եւ արդյունավետ համագործակցության համար», - ասել է Դավիթ Տոնոյանը:

«Մեծագույն պատրաստակամությամբ ենք մասնակցել քննարկումներին, որոնց արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերեւութաբանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում արդիականացված՝ 3G մոդեմները թույլ կտան առավել արագ արձագանքել եւ կանխել հնարավոր աղետը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: