12:54 | 06.05.17 | Նորություններ | 7573

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը զգուշացնում է՝ հետ չզանգահարել անծանոթ համարներին

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանը, անդրադառնալով վերջին օրերին Բոսնիա եւ Հերցոգովինայից Հայաստանի բջջային կապի բազմաթիվ բաժանորդներին ուղղված տարօրինակ զանգերին, խորհուրդ է տալիս զերծ մնալ անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին պատասխանելուց:

Սամվել Գեւրոգյանի խոսքով՝ բջջային խարդախության տեսակները բազմազան են եւ նպատակ ունեն դրդել բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետեւանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:

«Բջջային խարդախության տարբեր փորձեր Հայաստանում պարբերաբար են նկատվում: Հատկապես վերջին օրերի ընթացքում, երբ Բոսնիա եւ Հերցոգովինայից բազմաթիվ տարօրինակ զանգեր են ուղվել Հայաստանում բջջային կապի բազմաթիվ բաժանորդների՝ ակնկալելով գումար գանձել հետադարձ զանգ կատարած միամիտ բաժանորդների հաշվեկշիռներից: Բարեբախտաբար շատ բաժանորդներ չեն հասցրել պատասխանել «անծանոթ» զանգերին եւ զանգվածային իրազեկման արդյունքում հնարավոր դարձավ խուսափել խոշոր դրամական կորուստներից»,- նշել է նա:

Սամվել Գեւորգյանը նշում է, որ տարօրինակ զանգերի վերաբերյալ Հայաստանի բջջային կապի օպերատորները զգուշացնում են չպատասխանել եւ առավել եւս հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար:

Նա առանձնացնում է խարդախությունների հետեւյալ մեթոդները՝

 -Բջջային ցանցի բաժանորդների հեռախոսները վարակել որեւէ վնասակար ծրագրի միջոցով, ինչն էլ բաժանորդի անունից կկատարի ելքային զանգեր՝ վնասակար ծրագրում նշված միջազգային հեռախոսահամարներին,

 -Հաջորդաբար կամ միաժամանակ զանգ ուղղել բոլոր բջջային օպերատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ հաշվի առնելով հեռախոսահամարների հաջորդական լինելու սկզբունքը,

 -Հաջորդաբար կամ միաժամանակ կարճ հաղորդագրություն ուղարկել բոլոր բջջային օպորատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ նշելով, թե առկա է բաց թողնված զանգ նշված հեռախոսահամարից:

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի տնօրենը բջջային կապի բաժանորդներին տալիս է հետեւյալ խորհուրդները՝

-Պաշտպանե՛ք Ձեզ խաբեությունից, զգոն եղեք, տեղեկացված եղեք գոյություն ունեցող խարդախության սխեմաների մասին: Ուշադրություն դարձրեք բջջային կապի օպերատորների, իրավապահ մարմինների, զանգվածային լրատվամիջոցների կողմից խարդախության սխեմաների մասին նախազգուշացումներին:

 -Համոզվե՛ք, որ հեռախոսի միջոցով ստացված տեղեկատվությունն անհայտ անձանցից (ովքեր ներկայացել են որպես իրավապահ մարմինների, ռադիոյի, բջջային կապի օպերատորի աշխատակից, պետական պաշտոնյա, բարեկամ, ծանոթ կամ այլ անձ) ճիշտ է:

-Մի՛ շտապեք գործել անծանոթ մարդկանց հրահանգներով, որոնք ստացվել են հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրության միջոցով, հատկապես եթե նրանց հրահանգները պահանջում են Ձեր կողմից որեւէ եղանակով դրամական միջոցների փոխանցում: Ձեր շտապողական քայլերը կարող են հանգեցնել դրամական կորստի:

 -Մի՛ շտապեք անծանոթ մարդուն տրամադրել Ձեր հեռախոսը «Միայն մեկ զանգ» կատարելու նպատակով: Հիշեք, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել այսկերպ իրականացվող հեռախոսների գողության դեպքերը: