15:20 | 28.03.17 | Նորություններ | 18004

Cloudflare համակարգին .am դոմեյնի շուրջ 750 կայք է միացել

.am դոմենային տիրույթի 768 կայք արդեն իսկ կցված է նախօրեին Երեւանում դատա կենտրոն բացած՝ կայքերի պաշտպանության եւ քեշավորման Cloudflare համակարգին:

Ucom-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղակայված Cloudflare-ի տվյալների նոր շտեմարանը թույլ կտա համացանցի ավելի քան 6 մլն աղբյուր դարձնել ավելի արագ եւ ապահով:

Այսօր լրագրողների հետ զրույցում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ Cloudflare-ի նոր շտեմարանի շնորհիվ Հայաստանում Ucom-ի ծառայություններից օգտվող ինտերնետ օգտատերերի համար սպասելու ժամանակը նվազել է 6 անգամ:  

«Cloudflare-ի հետ համագործակցությունը ստացվեց, քանի որ մենք Հայաստանում տվյալների տարանցման ամենամեծ ծառայություն մատուցող ընկերությունն ենք: Մեր բաժանորդներին Cloudflare-ը տալիս է ավելի արագ մուտք եւ ավելի պաշտպանված ինտերնետից օգտվելու հնարավորություն: Կարծում եմ` սա հնարավորություն է նաեւ հարեւան երկրների համար, որոնք օգտվում են մեր համակցված ցանցից: Հայաստանը երկրորդն է հետխորհրդային երկրների շարքում, որ երկարատեւ բանակցություններից հետո կարողացել է հասնել հաջողության եւ ներդնել այս տվյալների շտեմարանը: Մինչ այդ նմանատիպ շտեմարան հետխորհրդային տիրույթում առկա էր միայն Մոսկվայում»,- ասել է Հայկ Եսայանը:

ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանն իր հերթին նշել է, որ երեւանյան կենտրոնն Ասիա մայրցամաքում Cloudflare-ի 37-րդ դատա կենտրոնն է, եւ 103-րդը՝ գլոբալ մակարդակում:

«Մեր տարածաշրջանում Cloudflare-ի այլ քեշ գոյություն չունի, եւ սա հույս է ներշնչում, որ տարածաշրջանի մյուս երկրներում մեր տարանցիկ ծառայություններից օգտվողները կարող են միանալ Cloudflare-ի մեր քեշին եւ օգտվել առկա ծառայություններից: Այսպիսով, օգտատերերը ստանում են կապի բարելավում, կայքերի տերերը ստանում են անվտանգություն եւ կայքի արագ աշխատանք»,- ամփոփել է Ռուբեն Մուրադյանը:

Itel.am-ը թեմայի շուրջ ավելի վաղ զրուցել էր «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի հետ: