Էլոն Մասկը
14:00 | 28.03.17 | Նորություններ | 7072
Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկը գործարկում է Neuralink նախագիծը, որի նպատակն է ձեւավորել մարդկային ուղեղը համակարգչին միացնող համակարգեր:
The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ նոր համակարգը նախատեսում է մարդկային ուղեղում էլեկտրոդների տեղակայում, որն արհեստական եւ մարդկային բանականության միջեւ մշտական կապ կապահովի: Համակարգը թույլ կտա նաեւ հաշվել մարդկային ուղեղից ստացվող տվյալները, դրանք ձայնագրել թվային կրիչների վրա եւ ընդհակառակը:
Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ Neuralink-ի մշակած լուծումները կընդլայնեն մարդկային բանականության հնարավորությունները եւ կբուժեն մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են էպիլեպսիան եւ պարալիչը:
The Wall Street Journal-ի աղբյուրները փոխանցում են, որ նախնական փուլում Neuralink-ը կմշակի թեստային նախագիծ՝ տեխնոլոգիայի աշխատունակությունն ապացուցելու նպատակով, ապա կգործարկի ավելի խոշորամասշտաբ համակարգեր:
Նորաստեղծ ընկերությունն արդեն աշխատանքի է ընդունել առաջատար գիտնականների, իսկ ֆինանսավորում գտնելու նպատակով Էլոն Մասկը բանակցում է PayPal-ի հիմնադիր Փիթեր Թիլի Founders Fund-ի հետ: