16:38 | 24.03.17 | Նորություններ | 6400

Վարչապետը հյուրընկալվել է PicsArt-ի գրասենյակում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն, ծանոթացել վերջինիս գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին եւ ընդլայնման ծրագրերին:

PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը եւ ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին 2 տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվն աճել է 2.5 անգամ։

Ներկայում PicsArt-ի հայաստանյան գրասենյակն ունի 350-ից ավելի աշխատակից, որոնցից շատերը ՏՏ, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ են։ Աշխատակիցների միջին տարիքը 25 է։ PicsArt-ը նաեւ 30-ից ավելի աշխատակից ունի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակում։

Կարեն Կարապետյանը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքի կրեատիվ միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը: Տեղեկանալով, որ ընկերությունը որակյալ մասնագետներով համալրման խնդիր ունի՝ վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ հորդորել է ներկայացնել PicsArt-ի հետագա զարգացմանը, համապատասխան կադրերի պատրաստմանը վերաբերող առաջարկություններ: