13:20 | 24.03.17 | Նորություններ | 16395

Ucom-ը շարունակում է աջակցել «Արմաթ» լաբորատորիաներին

Իջեւան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաներն օրերս հյուրընկալել էին կրթական նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):    

Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական եւ ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող 26 սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են:

«Ուզում եմ ծրագրավորող դառնալ, որպեսզի զարգացնեմ այդ ոլորտը Հայաստանում: Ավելին՝ ցանկանում եմ նաեւ ինժեներ դառնալ ու ինքնուրույն ստեղծել ապագայի սարքերը, որոնցից, օրինակ, կարող է լինել քարածուխ հանող ռոբոտը, որը կհեշտացնի մարդու ծանր ֆիզիկական աշխատանքը»,- նշել է Իջեւան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Գարիկ Ամիրյանը:   

«Մենք կարեւորում ենք մարզերում ապրող երեխաների հետաքրքրվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ: «Արմաթ» լաբորատորիաներում նրանք ձեռք են բերում գործնական հմտություններ ու գիտելիքներ, որոնք վաղը կօգնեն, օրինակ, արհեստական բանականությամբ աշխատող առարկաներ ստեղծել: Այն, ինչ այսօր տեսնում ենք, մեզ գոհացնում է. երեխաների երեւակայությունն անսպառ է եւ ապագան՝ հուսադրող»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Այս խմբակի սաները նաեւ մասնակցել են DigiCode մրցույթին՝ ներկայացնելով իրենց ստեղծած «Պյութագորաս» խաղը:

Ucom-ի աջակցությամբ բացված այս խմբակ-լաբորատորիաների կարեւորության մասին WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ընթացքում խոսել է նաեւ ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը՝ նշելով, որ «Արմաթ» լաբորատորիաները Ucom-ի ուշադրության կենտրոնում են վերջին 3-4 տարիների ընթացքում: