15:59 | 23.03.17 | Նորություններ | 4187
Սփյուռքի եւ Հայաստանի դպրոցականները կարող են մասնակցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող 8-օրյա ամառային տեխնոլոգիական ճամբարին:
Կարող են մասնակցել Սփյուռքում բնակվող 10-17 տարեկան երեխաները, ինչպես նաեւ ՀՀ բոլոր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների եւ ռոբոտաշինության խմբակների սաները եւ հայաստանյան ընկերությունների աշխատակիցների երեխաները:
Կազմակերպիչների խոսքով՝ համապատասխան ֆինանսական միջոցներ ձեռք բերելու դեպքում ճամբարին կմասնակցեն նաեւ անապահով ընտանիքների երեխաներ:
Ճամբարի օրակարգը հագեցած է լինելու մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչությանն ուղղված միջոցառումներով եւ ժամանցային ծրագրերով:
Մասնակիցները կապահովվեն 3-անգամյա սնունդով եւ անհրաժեշտ գույքով կահավորված հարմարավետ սենյակներով: Ճամբարի սկզբում երեխաները բուժզննում կանցնեն եւ մասնագետի ուշադրության կենտրոնում կլինեն ամբողջ ընթացքում:
«Ամառային տեխնոլոգիական ճամբարն անցյալ տարի միավորել էր ՀՀ բոլոր մարզերի շուրջ 600 դպրոցականների: Ճամբարը միանշանակ հաջողված էր եւ մենք որոշեցինք այս տարի էլ ավելի ընդլայնել սահմանները եւ համախմբել նաեւ սփյուռքի դպրոցականներին: Այս ճամբարը յուրահատուկ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կշփվեն, կսովորեն եւ ազատ ժամանակ կանցկացնեն միասին, որը կարող է լավ ընկերության եւ ինչու չէ նաեւ գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաեւ դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակցության պայմանները հասանելի են ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: