10:40 | 01.03.17 | Հոդվածներ | exclusive 50886

Pic Pen-ը երեխաներին կսովորեցնի գունազարդել

Հայ ծրագրավորողները մշակել են «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման Pic Pen անվճար խաղը, որը հասանելի է AppStore-ում:

Itel.am-ի հետ զրույցում խաղի մշակողներից Շահեն Քոսյանը պատմել է, որ խաղը տարբերվում է գունազարդման գործիքների բազմազանությամբ եւ էմոցիոնալ նկարներով:

Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ աշխարհներից, որոնցից յուրաքանչյուրում կա 24 նկար եւ 120 գույն: Շահեն Քոսյանի խոսքով՝ թեմատիկ աշխարհները մշտապես կատարելագործվելու են, ինչպես նաեւ ստեղծվելու են նորերը:

«Ժամանակակից երեխաների մեծամասնությունը սիրում է խաղալ iPhone-ով եւ iPad-ով: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ որոշեցինք նման հավելված ստեղծել: App Store-ում գոյություն ունեցող նմանատիպ հավելվածների նկատմամբ առավելություններից է այն, որ Pic Pen-ում գունազարդման համար նախատեսված 4 գործիք է հասանելի: Մյուս կարեւոր առավելությունն է գործընթացի հեշտությունը, որը թույլ չի տալիս գունազարդման ընթացքում դուրս գալ եզրագծերից: Սա հատկապես կարեւոր է փոքրիկների համար»,- պատմել է խաղի հեղինակը:  

Շահեն Քոսյանը տեղեկացրել է, որ ներկայում App Store-ի հայաստանյան եւ մի շարք այլ երկրների սեգմենտում հավելվածը առաջին հորիզոնականում է՝ Kids and education կատեգորիայում, իսկ բոլոր հավելվածների շարքում թոփ 50-ում է:

Խաղը մշակել են 3 ծրագրավորող, դիզայներ եւ նկարազարդող: Թիմը ներկայում աշխատում է հավելվածի Android տարբերակի մշակման ուղղությամբ:  

Նարինե Դանեղյան