11:46 | 22.02.17 | Հոդվածներ | exclusive 193549
Հոլանդական Crosspring ինկուբատորը ներդրում է կատարել Հայաստանում գործող՝ լրացված իրականության լուծումներ մշակող Triple-E ստարտափում:
Triple-E-ն հարթակ է, որը թույլ է տալիս ստեղծել եւ տարածել լրացված իրականության սեփական մշակումները՝ տեսանյութեր, լուսանկարներ, 3D մոդելներ:
Itel.am-ի հետ զրույցում Triple-E-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արյան Բեհզադին եւ հոլանդացի ձեռներեց, ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին նշել են, որ ներդրման չափը չեն կարող բացահայտել:
Արյան Բեհզադին պատմել է, որ Crosspring-ից ստացած ներդրումն առաջինն է իրենց պրակտիկայում:
«Շուրջ 1 ու կես տարի առաջ ես եւ իմ մենթոր Մոհամմադ Մահդի Կերմանին սկսեցինք աշխատել լրացված եւ վիրտուալ իրականության լուծումների վրա: 2016թ. մարտին Երեւանում IBM ISTC-ի ուսանողներից կազմված թիմ հավաքեցի, եւ միասին նախագիծը վերածեցինք ստարտափի: Մինչ օրս մեր թիմը հաղթել է մի շարք նախագծերում՝ այդ թվում՝ IBM ISTC Startup Challenge-ում, Smarter Armenia Hackathon-ում: Դեկտեմբերին ստացանք Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) դրամաշնորհը»,- նշել է նա:
Հարթակը, Triple-E-ի համահիմնադրի խոսքով, մարդկանց հնարավորություն է տալիս իրենց պատկերացումները կյանքի կոչել՝ առանց կոդ գրելու գիտելիքների անհրաժեշտության:
Triple-E-ում, համահիմնադիրներից բացի, աշխատում է 4 մասնագետ, սակայն Արյան Բեհզադիի խոսքով, մոտ ապագայում նախատեսում են ընդլայնվել: Նա նաեւ տեղեկացրել է, որ պրոդուկտը հայկական շուկայում տարածելուց հետո կթիրախավորեն եվրոպական շուկան:
Մորիս Բեքենդ Վերվին իր հերթին նշել է, որ ներդրում կատարելիս իրենք ուշադրություն են դարձնում թիմին, մասշտաբայնությանը, շուկայում հայտնվելու պահին եւ միջազգային ներուժին:
«Թվարկածս որակներին Triple-E-ն համապատասխանում էր: Ի դեպ, Crosspring-ն իր պորտֆոլիոյի ընկերություններին աջակցում է ոչ միայն ֆինանսավորմամբ, այլեւ ռազմավարական հարցերում: Ընկերությունները կարողանում են օգտվել մեր մյուս պորտֆոլիո ընկերությունների եւ շրջանավարտների ցանցի, ինչպես նաեւ ամբողջ Եվրոպայում գործող տեխնոլոգիական կենտրոնների ընձեռած հնարավորություններից»,- ասել է ներդրողը:
Անդրադառնալով հարցին, թե լինելու են արդյոք ներդրման հետագա ռաունդներ, Մորիս Բեքենդ Վերվին ասել է, որ դա կախված է Triple-E-ի զարգացման հեռանկարներից.
«Առաջին հերթին պետք է կենտրոնանալ պրոդուկտն արտերկիր դուրս բերելու ուղղությամբ: Սա կնպաստի ընկերության արժեքի ավելացմանը, եւ եթե հարկավոր լինի հավելյալ ներդրում, այն ավելի հեշտ կլինի գտնել»:
Crosspring-ի հիմնադիրը նաեւ ընդգծել է, որ այս ներդրումը Հայաստանում իրենց գործունեության սկիզբն է միայն:
«Հետաքրքրված ենք ավելին անել հայկական ՏՏ ոլորտում: Ի դեպ, Crosspring-ը սկսել է համագործակցություն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ՝ փետրվարից մայիս ամիսներին ընթացող նոր աքսելերացիոն ծրագրի շրջանակում: Սա մեզ թույլ կտա ավելի համապարփակ պատկերացում կազմել հայաստանյան ՏՏ ներկա զարգացումների մասին»,- ասել է Մորիս Բեքենդ Վերվին:
Նարինե Դանեղյան