12:01 | 03.02.17 | Հոդվածներ | exclusive 22557

ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը. Արման Աթոյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին Հայաստանում դարձել է տնտեսական հրաշքի բացառիկ օրինակ: Քայլ առ քայլ «այթիշնիկները» ստեղծել են իրենց աշխարհը` հազարավոր աշխատատեղերով ու միջինից մի քանի անգամ բարձր աշխատավարձով, ասել է թե` «տնտեսություն տնտեսության մեջ»:

Itel.am-ի «ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը» շարքում հաջողակ ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները կներկայացնեն իրենց անցած ուղին եւ խորհուրդներ կտան սկսնակներին:

Շարքի առաջին զրուցակիցը X-TECH ընկերության հիմնադիր, Arloopa ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արման Աթոյանն է:

Ոլորտի ապագան նշմարվում էր 2000-ականների վերջերին

Այսօր Arloopa-ն զբաղվում է հիմնականում վիրտուալ (Virtual Reality) եւ լրացված իրականությանը (Augmented Reality) վերաբերող խաղերի եւ հավելվածների ստեղծմամբ: Արման Աթոյանի խոսքով` տասը տարի առաջ ոլորտն այլ տեսք ուներ:

«2008-ին Հայաստանում փակվեց գերմանական հայտնի ՏՏ ընկերություններից մեկի գրասենյակը: Փակվելուց հետո այնտեղ աշխատած հայ ծրագրավորողներով ստեղծեցինք մեր ընկերությունները: Այդ տարիներին ոլորտը կենտրոնացած էր web ծրագրավորման վրա, սկսեցինք Adobe Flash-ի վրա հիմնված կայքեր պատրաստել: 2011-ից քիչ-քիչ սկսեցինք անցում կատարել mobile հարթակում աշխատանքին` գիտակցելով, որ ապագան դրանն է: Սկսել էի միայնակ, հիմա արդեն 20-հոգանոց թիմ է աշխատում մեր նախագծերի վրա»,- նշում է ընկերության հիմնադիրը:

Սովորել, մասնակցել, ուսումնասիրել

Արման Աթոյանի խոսքով` նորաստեղծ ընկերություններն ու ստարտափները պետք է հնարավորինս շատ մասնակցեն հաքաթոնների, մրցույթների, բարքեմփերի: Շփումն է, որ նոր հեռանկարներ է բացում երիտասարդների առջեւ:

«Ընկերության տրանսֆորմացիան, կարելի է ասել, սկսվեց 2011թ. Նյու Յորքում, որտեղ հայտնվել էինք՝ հաղթելով Microsoft-ի կողմից կազմակերպվող Imagine Cup մրցույթի հայաստանյան փուլին: Նյույորքյան եզրափակիչը մեզ շփումների մեծ հնարավորություն տվեց, ու ծանոթացանք տեղեկատվական աշխարհում առկա նորարարություններին, որոնց մասին Հայաստանում դեռ քչերը պատկերացում ունեին: Հետ եկանք Հայաստան, սկսեցինք Xbox խաղային համակարգի համար ստեղծված Kinect սարքի համար ծրագրեր գրել, դուրս գալ համաշխարհային շուկա, որտեղ խաղացողներն այդքան էլ շատ չէին: Մասնակցությունը մրցույթներին ու շփումներն այլազգի մեր տարեկիցների հետ մեզ նոր փուլ էր տանում»,- պատմում է Արման Աթոյանը:

Սեփական արտադրա՞նք, թե՞ ծառայությունների մատուցում

X-TECH-ն ու Arloopa-ն այսօր AR/VR տեխնոլոգիաների առաջամարտիկն է Հայաստանում: Բացի ծրագրային ապահովումից, Arloopa-ն, օրինակ, վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիաներով աշխատող սեփական սարքերն է մշակում ու արտադրում:

Արման Աթոյանն ասում է` դեռ լիովին չեն հրաժարվել ծառայությունների մատուցումից ու անցում կատարել սեփական նախագծերին: Բանալին դեռ գտնված չէ, թիմի մի կեսը պատվերով ծառայություններ մատուցելով պահում է մյուս կեսին` ապահովելով սեփական արտադրանքի ֆինանսական կայունությունը:

«Ծառայությունների մատուցման կամ աութսորսինգի ոլորտում Հայաստանը, կարելի է ասել, պարտված է, քանի որ քանակապես զիջում է դաշտի այլ խաղացողներին` Հնդկաստան, Ուկրաինա եւ այլն, որտեղ պատվերով աշխատանք կատարողների մեծ բանակ ու մշակույթ կա: Սեփական նախագծերն ու պրոդուկտներն ավելի կենսունակ են ժամանակակից աշխարհում: Մենք գտել ենք ոսկե միջինն ու զբաղվում ենք երկուսով էլ: Հեռանկարում միայն սեփական բովանդակությամբ զբաղվելն է»,-պատմում է Արման Աթոյանը՝ դաշտ նոր մուտք գործողներին խորհուրդ տալով մտածել սեփականը ստեղծելու ուղղությամբ:

Մեր ժամանակների հերոսը

Տեխնոլոգիական հասարակության փոխակերպվելու համար մեծ դեր ունի կրթությունն ու միջավայրը, որտեղ ձեւավորվում է ապագայի մասնագետն ու քաղաքացին:

«Այսօրվա երեխայի ու պատանու հերոսը, օրինակ, պետք է Էլոն Մասկը լինի, որը փոխում է աշխարհն ու նորարարություններ բերում: Օրինակներ վերցնելու համար մեդիայի ներկա վիճակը բնավ լավագույնը չէ: Պետք է այս խնդրին ուշադրություն դարձնել ու նպաստավոր միջավայր ստեղծել կրթության ու առաջընթացի համար: Կրթության առաջին հիմքերն արդեն կան` «Թումո»-ի ու դպրոցներում ինժեներական լաբորատորիաների տեսքով, ինչը ոգեւորիչ է»,- ամփոփում է Արման Աթոյանը:

Սուրեն Ստեփանյան